Սիրիայում սպասում են հայկական մարդասիրական առաքելությանը. Գանտահարյան

Սիրիայում մթնոլորտը փոխվում է դեպի լավը, որոշ հայեր հարևան երկրներից վերադառնում են իրենց տներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հայկական մարդասիրական առաքելությանը Սիրիայում կընդունեն մեծ ոգևորությամբ, Sputnik Արմենիային ասաց Լիբանանի «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

«Հասկանալի է, որ խաղաղապահ առաքելությունը ռազմական բաղադրիչ չի պարունակում և կրում է զուտ մարդասիրական բնույթ։ Իմ կարծիքով` տվյալ փուլում հայերի մասնակցությունը դրական արձագանք կգտնի տեղի հայ համայնքի մոտ», – ասաց Գանտահարյանը։

Ինչպես է Հայաստանի սիրիական առաքելությունը փոխելու երկրի ընկալումն աշխարհում

Նա հիշեցրեց, որ հայ խաղաղապահները Լիբանանում ընդունվել են մեծ ոգևորությամբ։ «Կարծում եմ, որ նման ընկալում կլինի Սիրիայում», – ասաց Գանտահարյանը։

Այսօր Սիրիայի հայ համայնքն ապրում է համեմատաբար հանգիստ իրադրությունում։ Նկատելի է որոշ տեղաշարժ սիրիահայերի վերադառնալու հարցում, մասնավորապես, Լիբանանից։

«Մարդիկ սկսել են աշխատել, բայց որոշ խնդիրներ կան, մասնավորապես, տնտեսական։ Պարբերաբար ընդհատվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը», – ասաց Գանտահարյանը։

Նրա խոսքով`դեռ բարդ է խոսել հակամարտությունը լուծելու մասին, բայց ամեն ինչ տանում է դրան, երկրում մթնոլորտը փոխվում է, և դա փաստ է։

Սիրիայի հայ համայնքի թվաքանակի մասին թարմ տվյալներ առայժմ չկան։ Խմբագրի խոսքով` երկրից նոր զանգվածային արտահոսք չի նկատվում։

Նշենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել Սիրիայում իր մարդասիրական առաքելությունը, որն ուղղված կլինի այդ երկրում հայ համայնքի կարիքներն ապահովելուն։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիա կմեկնեն 100 զինվորական` բժիշկներ, սակրավորներ, ինչպես նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմը։