Ձգտում ենք քաղցկեղի այնպիսի կենտրոն ստեղծել, որը կսպասարկի ողջ տարածաշրջանին. Հակոբյան

Աննա Հակոբյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել՝ քննարկելու Հայաստանում ուռուցքաբանության զարգացման հնարավոր ծրագրեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. «Մենք պատրաստ ենք քաղցկեղի համաշխարհային համայնքի ամենաակտիվ դերակատարներից մեկը լինել ու նպաստել այս հիվանդության բուժումը բոլորին հասանելի դարձնելու մեծ գործին»: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ով Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մասնակցում է Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին:

ԵԶԲ–ն մեկ միլիոն դոլար է տրամադրել Հայաստանում կանանց քաղցկեղի դեմ պայքարի համար

Գագաթնաժողովի շրջանակներում Աննա Հակոբյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել՝ քննարկելու Հայաստանում ուռուցքաբանության զարգացման հնարավոր ծրագրեր:

«Ի՞նչ եմ ես հասկացել այս կարճ ժամանակահատվածում՝ այն պահից, երբ դարձա մեր երկրում քաղցկեղի ամենախոշոր հիմնադրամի՝ «Սիթի օֆ սմայլի» նախագահ:

Առաջին՝ ես բացահայտեցի, որ քաղցկեղը սարսափելի չէ:

Երկրորդ՝ որ քաղցկեղը կառավարելու, նրան հաղթելու համար անհրաժեշտ են ընդամենը ֆինանսական ռեսուրսներ, բարի կամք և վճռականություն, որովհետև գիտությունն ու բժշկությունը մնացածն արդեն արել են, այսինքն՝ գտել են այս հիվանդության հաղթահարման բազմաթիվ բանալիներ և անընդհատ շարունակում են կատարելագործել դրանք:

Երրորդ՝ ես հասկացա, որ կան մարդիկ, որոնք ջանք չեն խնայում անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները հայթայթելու և ուղղորդելու համար»,-ասել է Աննա Հակոբյանը:

Նա հիշեցրել է, որ այսքանից հետո աշխարհի շատ երկրներում այս հիվանդությունը շարունակում է դատավճիռ լինել, քաղցկեղով հիվանդացած երեխաները շարունակում են մահանալ: «Մենք ունենք երկրներ՝ հարուստ և զարգացած երկրներ, որտեղ քաղցկեղից մանկական մահացությունը 20 տոկոս է կազմում, և ունենք երկրներ, որտեղ 80-90 տոկոս է կազմում:

Ինչո՞վ կարող են աֆրիկացիներն օրինակ ծառայել Հայաստանին, կամ քաղցկեղի բուժման օգտակար միջոց

Ահա սա այն վիճակագրությունն է, որ իմ կարծիքով պետք է օր առաջ փոխվի: Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում, ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում, որ կարողանա հաղթահարել իր հիվանդությունը և չդատապարտվել մահվան: Իմ խորին համոզմամբ՝ աշխարհում կան բավարար չափով ֆինանսական ռեսուրսներ, որոնք կբավարարեն բոլորին եւ յուրաքանչյուրին՝ անկախ այն բանից, թե որ երկրում է հիվանդը գտնվում: Պետք ընդամենը կենտրոնացնել այդ միջոցները և կամք ունենալ դրանք ճիշտ և հավասար բաշխելու»,-ընդգծել է ՀՀ վարչապետի տիկինը:

Նրա կարծիքով՝ ամենակարճ ճանապարհը քաղցկեղի առաջնակարգ կենտրոնների ծածկույթի և աշխարհագրության ընդլայնումն ու այդ ծառայությունների հասանելիության ապահովումն է աշխարհի բոլոր անկյուններում ապրող մարդկանց համար: Այսինքն՝ այնպիսի կենտրոնները, ինչպիսիք Հարվարդում կամ Օքսֆորդում են, չպետք է լինեն մեկը կամ երկուսը, այլ պետք է հիմնադրվեն բոլոր տարածաշրջաններում՝ այդ տարածաշրջանների բոլոր հիվանդներին հասանելի դառնալու ու նրանց համապատասխան, որակյալ ծառայություններ մատուցելու համար:

«Եվ թեպետ քաջություն է պահանջվում այս նախադասությունն արտասանելու համար, պետք է ասեմ՝ մենք Հայաստանում ձգտում ենք ահա այդպիսի կենտրոն ստեղծելուն՝ սպասարկելու ոչ միայն մեր երկրի բնակիչներին, այլ՝ ողջ տարածաշրջանի: Մենք, իհարկե, չենք կարող դա անել առանց ձեր աջակցության, բայց ուզում եմ նաև վստահեցնել, որ ունենք բավարար կամք՝ ձեզ համոզելու, ձեր աջակցությունը ստանալու և բարձր մակարդակով այդ խնդիրը լուծելու համար:

Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց են ուսումնասիրում` առանց վիրահատության

Վերջին տարիներին արդեն Հայաստանում մեծ քայլեր են արվել քաղցկեղի հաղթահարման ուղղությամբ: Մեր երկրում մանկական քաղցկեղից մահացությունը 90 տոկոսից նվազել է՝ հասնելով 30 տոկոսի: Եվ մենք կարող ենք այս ցուցանիշներն է՛լ ավելի բարելավել ու համանման առաջընթաց արձանագրել ամբողջ տարածաշրջանում։ Ի վերջո՝ պետք է վերջ դնել այն իրողությանը, երբ ամբողջ աշխարհում քաղցկեղը հարուստի համար՝ հիմնականում բուժելի, իսկ աղքատի համար՝ անբուժելի հիվանդություն է»,-ասել է Հակոբյանը:

Վարչապետի տիկինը հավաքվածներին հիշեցրել է, որ մեր երկրում հարյուրավոր քաղցկեղով հիվանդ երեխաներ և մեծահասակներ սպասում են լավ լուրի, և ինքը շատ կուզեր նրանց մոտ վերադառնալ լուրով, որ մենք կարող ենք նրանց օգնել հնարավորինս թեթև տանել հիվանդության ընթացքը, վերջնականապես հաղթահարել այն և լիարժեքորեն ինտեգրվել հանրային կյանքին: «Ես շատ եմ ուզում նաև առաջինը հայտնել, որ այնպիսի հիվանդանոց կամ կենտրոն, ինչպիսին Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն է (St. Jude Children's Research Hospital) կամ Հուսեին թագավորի քաղցկեղի կենտրոնը (King Hussein Cancer Center), կհիմնվի նաև մեր տարածաշրջանում, ու մարդիկ, որոնց դուռը երբևէ կթակի այդ հիվանդությունը, հնարավորություն կունենան բուժվելու ու սպասարկվելու ճիշտ այնպես, ինչպես հարուստ ու զարգացած երկրների քաղաքացիները»,-նշել է Աննա Հակոբյանը:

Գագաթնաժողովին Հայաստանից մասնակցում են նաև Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գեւորգ Թամամյանը եւ ուռուցքաբան-քիմիաթերապևտ Դավիթ Զոհրաբյանը: