Ազնավուրի որդու հետ ստեղծում ենք այն, ինչը կցանկանար տեսնել նրա հայրը. Ֆրանսիայի դեսպան

Նիկոլյա Ազնավուրը աջակցում է Երևանում իր հոր անվան մշակույթի կենտրոնին։ 2011 թվականին այն բացել էր մաեստրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Շառլ Ազնավուրը չտեսնված դեսպանն էր ֆրանսերենի և հիանալի դեսպանը Հայաստանի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, որը եկել էր Շառլ Ազնավուրի անվան հրապարակ հարգանքի տուրք մատուցելու մեծն շանսոնյեի հիշատակին։

«Շառլի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ». Սերժ Սարգսյան

Վաղ երեկոյից այստեղ մարդկանց հոսքը չէր դադարում։ Հազարավոր երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր ծաղիկներ էին խոնարհում և մոմեր վառում։

Ո՞րն էր Ազնավուրի առաջին երգը, որ լսել է Լաքոտը։

«Չեմ հիշում, այն ժամանակ փոքր էի։ Կարծում եմ, երեք տարեկանս դեռ չէր լրացել», – ասաց դեսպանը։

Ինչպես և ցանկացած ֆրանսիացի, նա մեծացել է Շառլ Ազնավուրի երգերով։ Նրան անընդհատ  ուղեկցել են մաեստրոյի երգերը։ Նա հարյուր տոկոս հայ էր, և հարյուր տոկոս ֆրանսիացի։ Բայց ավելին` նա մարդ էր, որին գնահատում էին ամբողջ աշխարհում։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն արձագանքեց Շառլ Ազնավուրի մահվան լուրին

«Սպիտակի երկրաշարժից հետո առաջին իսկ օրերին նա օգնեց Ֆրանսիային և ամբողջ աշխարհին հիշել Հայաստանի մասին։ Անհնար է թերագնահատել այն, ինչ նա արել է այս երկրի համար։ Նա դարձավ մեր երկրների փոխհարաբերությունների խորհրդանիշը, բազմաթիվ մարդկանց համար օրինակ, մարդկանց, որոնք այսօր աշխատում են հանուն մեր երկու երկրների», – ավելացրեց դեսպանը։

Ֆրանսիացի դիվանագետը հույս ուներ մեծն շանսոնյեյի հետ առաջին անգամ հանդիպել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը Երևանում կանցկացվի 10 օր հետո, և որտեղ Ազնավուրի ներկայությանը շատ էին սպասում։

«Սակայն ես լավ եմ ճանաչում նրա որդուն` Նիկոլյային, մենք շատ ենք աշխատում միասին, աջակցում ենք Երևանում Ազնավուրի կենտրոնին։ Այն հայկական և ֆրանսիական մշակույթների միաձուլման իսկական վայր է։ Կարծում եմ, այդպիսին նրան կցանկանար տեսնել նաև Շառլ Ազնավուրը», – ավելացրեց դեսպանը։

Շառլ Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, 94 տարեկանում։