«Օ՜, Հայաստան, Ազնավուր, կարող եք մտնել առանց խոչընդոտի». նախարարը դրվագ պատմեց իր կյանքից

ՀՀ արտգործնախարարը մասնակցեց աշխարհահռչակ երգչի հիշատակին նվիրված մոմավառությանը և մի հետաքրքիր դրվագ հիշեց իր կյանքից, որն ապացուցում է Ազնավուրի մեծությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն առիթ է ունեցել շփվելու մեծագույն երգիչ Շառլ Ազնավուրի հետ։ Նախարարն այս մասին ասաց այսօր` հոկտեմբերի 1-ին, Երևանում երգչի հիշատակին նվիրված մոմավառության ժամանակ։

Հայաստանում սգո օր կհայտարարվի. Նիկոլ Փաշինյան

«Անձնապես պատիվ ունեցել եմ նրա հետ շփվելու, ոչ հաճախ, բայց առիթներ եղել են։ Շատ պարզ մարդ էր` իր մտքերով, արտահայտություններով, հանգիստ էր, մարդամոտ»,- ասաց Մնացականյանը հիշեցնելով նաև, որ Ազնավուրը Հայաստանի ազգային հերոսներից էր։

Մնացականյանը պատմեց նաև, որ ներկա է եղել նաև Ազնավուրի համերգին։

«Այն ժամանակ նա 92 տարեկան էր։ Երկու ժամ նա էներգիայի մեջ պահեց մոտ 5000 հանդիսատեսի։ Ես այդ ժամանակ մտածեցի` եթե ես երբևէ ինքս ինձ ասեմ, որ հոգնած եմ, կամաչեմ։ Այդպիսին էր Ազնավուրը` էներգիայով, կյանքի հանդեպ սիրով»,- ասաց նա։

Նախարարը նաև մի դրվագ պատմեց իր կյանքից։

«Ես դեսպան էի Ժնևում, երիտասարդ էի, մտնում էի ՄԱԿ, մեքենան կանգնեց դարպասի մոտ, անվտանգության աշխատակիցներից մեկն ասաց` դուք նոր եք, պարոն դեսպան, ձեզ դեռ չենք ճանաչում, ո՞ր երկրի դեսպանն եք։ Ասացի` Հայաստանի։ Ասաց` օ, Հայաստան, Շառլ Ազնավուր, դուք այստեղ կարող եք մտնել առանց խոչընդոտի»,- ասաց նա` նշելով, որ այս մի փոքր դրվագն ապացուցում է Ազնավուրի մեծությունը։

94 տարեկան երգիչը մահացավ այսօր` հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Ազնավուրն ինքն իրեն միաժամանակ և՛ հայ, և՛ ֆրանսիացի էր անվանում։ Շառլ Ազնավուրի մահվան լուրին արդեն արձագանքել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։