Հայաստանում կանայք ավելի երկար են ապրում. ինչի՞ համար են հերթ կանգնում տարեցները

ՀՀ–ում տարեցներին խնամքի հաստատություններ տեղափոխելու սովորություն չկա, բայց հոգեկան առողջության կենտրոններում տարեցների հերթեր կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում 100 և ավելի տարեկան 67 տարեց քաղաքացի կա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը։

Դուք չկաք, տիկին. ինչպես է 111-ամյա Լյուսի տատը հայտնվել «մեռյալների թագավորությունում»

Հետաքրքրական է, որ երկարակեցությամբ աչքի են ընկնում հիմնականում կանայք։ ՀՀ ամենատարեց բնակչուհին Եղեգնաձորում ապրող 113 տարեկան տատիկ է, երկրորդը` 111 տարեկան է, երրորդը` 110։

Իսկ 90-100 տարեկան տարեցների թիվը 7 210-ն է։

Ինչ վերաբերում է տարեցների ապահովությանն ու խնամքին, Գևորգյանը հայտնեց, որ Հայաստանում այսօր գործում են խնամքի 12 հաստատություն, 5-ը` պետական, 7-ը`ոչ պետական: Դրանցում բնակվում են 1240 տարեց։

«Հաստատությունների մի մասում ապրում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք»,- ասաց Գևորգյանը:

Պաշտոնյային ոգևորում է այն, որ խնամքի տների ու դրանց բնակիչների թիվը Հայաստանում վերջին տարիներին գրեթե անփոփոխ է, ինչը նշանակում է, որ պահանջարկը մեծ չէ։

Ժողովրդագրական կոլապս. ու՞ր է անհետանում Հայաստանի բնակչությունը և ինչու՞

«90-ական թվականներին մենք մինչև 200 մարդ ունեինք հերթում, որպեսզի ընդունվեն խնամքի հաստատություններ»,- ասաց Գևորգյանը` ավելացնելով, որ այսօր հերթ չկա։

Փոխարենը Հայաստանում ավելացել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեցների ու նման հաստատություններ ընդունվելու համար հերթագրվածների թիվը։

Այսօր Հայաստանում ու աշխարհում նշվում է տարեցների միջազգային օրը, որը հռչակվել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ: