ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում «թավշյա հեղափոխությունն» արթնացրել է սփյուռքի ներկայացուցիչներին, նրանք ուզում են օգնել երկրի զարգացմանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը։
Նրա խոսքով` Հայաստանի և սփյուռքի հարաբերություններում որակական փոփոխություն անելու համար ստեղծվել են բոլոր հնարավորությունները։
«Եկել է ժամանակը, երբ պետք է վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունները, դրանք դնել իրական հիմքի վրա, որպեսզի ծառայեն երկրի զարգացմանը», — ասաց Հակոբյանը։
Ըստ նրա` հեղափոխությունն առիթ դարձավ, որ սփյուռքն արթնանա քնից։ Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը մտածում են, թե ինչպես օգնեն Հայաստանին։
Հակոբյանի խոսքով` հիմա սփյուռքը նման է մի կորպորացիայի, որը ներկայացուցչություններ ունի տարբեր երկրներում (5-7 միլիոն մարդ ընդհանուր թվով), բայց չկա այն միջուկը, որը կկարգավորի տարբեր կառույցների աշխատանքը։
«Պետք է միջոց գտնել, որպեսզի այդ հսկայական «ձեռնարկությունը» կարողանա աշխատել», — ասաց Հակոբյանը։
Եվրոպայի հայերի համագումարի նախագահը համոզված է, որ սփյուռքի նախարարությունը երկար տարիներ չի զբաղվել այդ հարցով` սահմանափակվելով մշակույթի և կրթության ոլորտներում լոկալ աշխատանքով։ Նախարարությունը պետք է զբաղվի այդ միջուկը ստեղծելով, որը կկարգավորի և հունի մեջ կգցի սփյուռքի աշխատանքը։
Հակոբյանը կարծում է, որ պետք է որոշակի բազա ստեղծել մարդկանցից, որոնք պատրաստակամություն կհայտնեն օգնել երկրին։ Նրանք պետք է ընտրեն ներկայացուցչական մարմին, որը սփյուռքի անունից խոսելու իրավունք կունենա։
Նրա խոսքով` այսօրվա պայմաններում սփյուռքի ճնշող մեծամասնությունը վստահում են Հայաստանի նոր իշխանություններին և պատրաստ են համագործակցել նրանց հետ։
Անդրադառնալով հնարավոր ներդրումներին` Հակոբյանը նշեց, որ պետք է կենտրոնանալ ոչ թե առանձին հարուստ հայերի վրա, այլ միջին խավի, որը նույնպես պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում։
Ըստ նրա` սեպտեմբերի սկզբին Եվրոպայի հայերի համագումարը, Հայաստանում նոր իրավիճակի հետ կապված, Քյոլնում անցկացրել է «Նոր Հայաստան, նոր սփյուռք» համաժողովը` 10 եվրոպական երկրների սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկվել են երեք հիմնական հարցեր` հարաբերություններ սփյուռքի ներսում, սփյուռք-Հայաստան հարաբերություններ (ինչպես օգտագործել սփյուռքի հնարավորությունները հանուն Հայաստանի), Հայաստան-ԵՄ (ինչպես աջակցել Հայաստան-ԵՄ համագործակցությամբ` լինելով եվրոպական կառույց և ԵՄ քաղաքացիներ)։