Ավտովթար Գեղարքունիքում. Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց

29 տարեկան վարորդը Renault-ով բախվել է վագոն-տնակին, մեքենայի ուղևորներին տեղափոխել են Սևանի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 29-ամյա Գառնիկ Մկրտչյանը իր վարած Renault մակնիշի 934 OF 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածում տեղադրված վագոն-տնակին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացի, 39-ամյա Էլիզբեթ Պլաթը և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 45-ամյա Մադհուռա Դիպիկանը մարմնական վնասվածներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: