Ձիթողցյանի հյուրասիրությունից մինչև քյալլայի համտեսում. Գյումրին զարմացրեց փոխվարչապետին

Праздник “День города” в Гюмри
Հոգևոր երգերից մինչև հայրենասիրական կատարումներ, ռոքից մինչև դասական, թատերական ներկայացումներ, հյուրասիրություն։ Գյումրին այսօր նշում է քաղաքի օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 Սեպտեմբեր — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հայրաքաղաքն այսօր տոնական  է: Գյումրեցիները նշում են քաղաքի օրը: Ու թեև  քաղաքային իշխանությունները  քաղաքի օրվա տոնակատարություններին մասնակցելու հրավերք  ուղարկել էին նաև ՀՀ նախագահին ու  վարչապետին, սակայն տոնը գյումրեցիների հետ կիսելու էր  եկել միայն ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, և ամենուր հյուրասիրության առաջին պատառը հենց նրան էր  սպասում:

Քաղաքի ամենագեղեցիկ՝ Ռուսթավելի փողոցում ամեն ինչ հին Գյումրին էր հիշեցնում՝ առաջին կանգառը Ձիթողցյանց տոհմից հարուստ վաճառական Պետրոս աղայի տանն էր: Առատաձեռն ու հյուրասեր գյումրեցին պարտադիր իր տուն է հրավիրում բոլոր հյուրերին և  հյուրասիրում: Փոխվարչապետն ու մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ևս առաջինը Պետրոս աղայի տուն մտան:

Министр культуры Армении Лилит Макунц посетила Гюмри (16 июня 2018).
Լիլիթ Մակունցը բացահայտում է Գյումրին. շարժական գրադարանից մինչև Մինասի որմնանկարներ
Հյուրասիրվեցին, զրուցեցին ու անեկդոտ պատմեցին: Այս  անգամ անեկդոտը  Գյումրու քաղաքապետից էր։ «Վարսավիրի մոտ սափրվելու եկած գյումրեցին  հարցնում է՝ վարպետ քաղցկեղ հիվանդությունն ինչի՞ց է կեղնի: Տանը  սափրվելուց՝ պատասխանում է վարպետը»: Հետո հյուրերին սպասում էր ևս մեկ «ճամփորդություն ժամանակի միջով»` թատերականացված տոնահանդես գյումրեցի աղաների, ղարաչուխալի(արհեստավորի) տղերքի, ղայֆախանի (ակումբի, սրճարանի) երգիչների, սիրուն Սոֆիկի, Ալեքպոլի արհեստավորների միջոցով:

Սրանով փոխվարչապետի արվող անակնկալները չավարտվեցին. Գյումրի այցելած հյուրն անպայման նաև քյալլա պետք  է փորձի: Փոխվարչապետը  փորձեց ու Sputnik Արմենիային վստահեցրեց՝  արժե  սրանից հետո  արդեն նաև քյալլայի համար Գյումրի  գալ: «Միշտ ուզել եմ, բայց երբեք չի  ստացվել փորձել: Համեղ է»,-անկեղծացավ Միրզոյանը:

Հոգևոր երգերից մինչև հայրենասիրական կատարումներ, ռոքից մինչև  դասական՝  քաղաքի  բոլոր հատվածներում տարբեր  ծրագրերով հանդես էին գալիս  քաղաքապետարանի ենթակայության խմբերն ու անհատ կատարողները:  Տիկնիկային ու պարային ֆլեշ մոբ, համատեղ կտավի ստեղծում, հին ու նոր լուսանկարների ցուցահանդես՝  գյումրեցիներն ու քաղաք այցելած հյուրերն ազատ  էին իրենց սրտի ուզած և իրենց ճաշակով միջոցառմանը մասնակցելու:

«Գյումրիի հետ կապված իրականում մեկ ցանկություն ու երազանք ունեմ՝ ուզում եմ, որ Գյումրին այլևս երբեք խեղճ  չլինի, վերադառնա նրա ամբողջական կենսուրախությունը, աշխուժությունը, հումորը, սրամտությունը՝  չնայած դա երբեք չի էլ պակասել: Գյումրին պետք է կարողանա ամբողջովին շտկել իր մեջքը, իսկ դրա համար կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց փոխվարչապետ Միրզոյանը՝  վստահեցնելով, որ կառավարությունը մեծ ուշադրություն է  դարձնում Գյումրին և  Շիրակի մարզին ընդհանրապես:

Տոնական միջոցառումները կեզրափակվեն երեկոյան տոնական համերգով ու հրավառությամբ:

Շուրջ 30 տարի տնակային թաղամասեր, անօթևանության ու գործազրկության անլուծելի թվացող խնդիրներ ունեցող քաղաքը մեկ օրով մոռացավ իր խնդիրների մասին ու նշեց սիրված քաղաքի տոնը: