Թբիլիսիից –Երևան. նախկին դատավորի տան վրա հարձակվողներից մեկին բերման ենթարկեցին

Նախնական տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի նրա նկատմամբ որպես փախանման միջոց ընտրված կալանավորումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Թբիլիսիից Երևան են տեղափոխել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակում իրականացրած անձանցից մեկին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքից Հայաստան են տեղափոխել Արարատի մարզի Մասիս քաղաքում հաշվառված, 49-ամյա Գագիկ Դանոյանին:

Նոր մանրամասներ` դատավոր Մկրտումյանի տան վրա գիշերը կատարված զինված հարձակումից

Վերջինն այս տարվա սեպտեմբերի 2-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 175 հոդ. 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի ու 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Հիշեցնենք, որ Դանոյանը կասկածվում է Կոտայքի մարզում բնակվող Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ 2 անձանց հետ զինված ավազակային հարձակում կատարելու մեջ:

Նախնական տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի նրա նկատմամբ որպես փախանման միջոց ընտրված կալանավորումը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում։ 3 հոգի՝ զինված ինքնաձիգներով, Ձորաղբյուրում հարձակվել էին Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա։

Տան սեփականատեր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Մկրտումյանն ու նրա հայրը՝ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 10 հասցեի բնակիչ, 58-ամյա Արման Մկրտումյանը, տանն էին եղել, երբ տանը տեղադրված տեսախցիկով նկատել էին, թե ինչպես են նշված անձինք ներխուժում իրենց տուն: Հայր և որդի Մկրտումյանները դիմադրություն էին ցույց տվել և Գ. Մկրտումյանը իր անվամբ, օրինական հաշվառված «Վալտեր» տիպի գազային ատրճանակով կարողացել էր վնասազերծել նրանցից մեկին։