Փաշինյանը չի բացառում ժողովրդին կրկին փողոց հանելու հեռանկարը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր է տեղի ունենան մինչև տարեվերջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Չեմ բացառում, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար քաղաքացիները դուրս գան փողոց: Պատասխանելով լրագրողների` խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դրանով հանդերձ վարչապետը լիահույս է, որ ոչ մեկը գայթակղությանը չի տրվի, և ժողովուրդն ամեն անգամ ստիպված չի լինի իր ուզածին հասնելու համար փողոց դուրս գալ:

Պետք է արագացնենք ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը. Փաշինյան

«Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով կառուցողական կլինեն բանակցությունները: Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների, հուսամ՝ մյուս խորհրդարանական ուժերը նույնպես»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե պետք չէ ընտրությունների անցկացման համար ժողովրդով սպառնալ, Փաշինյանը նշեց, որ դա շատ սխալ ձևակերպում է: «Տեսականորեն ժողովուրդը կարող է մեզանով սպառնալ, բայց մենք ժողովրդով` ոչ: Մենք ասել ենք՝ մեր գործողությունների հիմքում ընկած է եղել և ընկած կլինի ժողովրդի կամքը: Այնտեղ, որտեղ կլինի ժողովրդի կամարտահայտություն, մենք կդառնանք երաշխավորը այդ կամարտահայտության իրականացման»,–ընդգծում է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը Հայաստանում ձևակերպված է որպես ժողովրդական պահանջ:

Վարչապետը չբացառեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մինչև տարեվերջ: