Սերժ Սարգսյանի եղբորը զրկել են պաշտոններից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախկին նախագահի եղբայրը շուտով կազատվի նաև ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը այլևս չի զբաղեցնում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու և եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը: ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը, պատասխանելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցին` ասել է, որ Սարգսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, և այն այլևս չի երկարաձգվել:

Սերժ Սարգսյանին 602 մլն դրամ արժեցող տուն է առաջարկվել Ավանում

Մամուլի խոսնակի փոխանցմամբ, քանի որ Լևոն Սարգսյանն այդտեղ աշխատում էր համատեղությամբ, նրա հետ պայմանագիր էր կնքվել մեկ ուսումնական տարով՝ սեպտեմբերի 1-ից հունիսի 30-ը: Լևոն Սարգսյանի հեռանալուց հետո ամբիոնի վարիչի ղեկավարի պարտականությունները դրվել են նույն ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի վրա: Թափուր պաշտոնի մրցույթ առայժմ չի հայտարարվել:

Լևոն Սարգսյանը նաև ղեկավարում էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը: Նախագահի պաշտոնում նա ընտրվել էր սույն թվականի հունվարին, ի դեպ՝ միաձայն:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, պատասխանելով պարբերականի հարցին, ասել է, որ Սարգսյանն այլևս կապ չունի այդ հաստատության հետ: Այդուհանդերձ, դե յուրե նա շարունակում է մնալ հոգաբարձուների խորհրդի կազմում: Իսկ ահա խորհրդի նախագահի պաշտոնը էլ չի զբաղեցնում:

Վերջին մի քանի նիստերին չներկայանալուց հետո նրա փոխարեն խորհուրդը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանին:

Սերժ Սարգսյանի թոռներն էլ են դիվանագիտական անձնագիր ունեցել. ցանկը հրապարակվեց

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը տեղեկացրել է, որ վարչապետի հաստատմանն է ներկայացվել Մատենադարանի խորհրդի նոր կազմը, որտեղ Լևոն Սարգսյանի անունն արդեն չկա:

Թերթը հիշեցնում է, որ Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում: Առկա է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նրան կալանավորելու վերաբերյալ: Լևոն Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար:

Պարբերականի տեղեկություններով` մոտ օրերս նա կազատվի նաև ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։