«Հետթավշյա» Հայաստանն ու գործընկեր Ռուսաստանը. ո՞ր կողմ կթեքվի նժարը

Հայաստանն ու Ռուսաստանն ընդգրկված են ինտեգրացիոն նույն միությունում, որը սերտ տնտեսական համագործակցություն է ենթադրում ամենատարբեր ոլորտներում:
Sputnik

Հայաստանում իշխանափոխությունն անորոշություն է ծնել մերձավոր գործընկերների հետ հարաբերություններում: Չնայած Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, որ երկրի նոր ղեկավարությունը պահպանում է արտաքին քաղաքականության հաջորդականությունը, այդուհանդերձ նկատվում են ոչ միանշանակ միտումներ: Առաջին հերթին, անզեն աչքով էլ նկատվում է, որ որոշակի դադար կա Հայաստանի և առանցքային դաշնակցի ու ռազմատեխնիկական գործընկերոջ՝ Մոսկվայի հարաբերություններում:

«Պուտինի հետ ունենք փոխըմբռնում. դա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ համաձայն ենք»

Այդ դադարը հատկապես հստակ է դրսևորվում տնտեսական հարթությունում: Վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելուց ի վեր Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները հանդիպել են երեք անգամ՝ գրեթե ամսական մեկ անգամ: Բայց ոչ մի լուրջ տնտեսական նախագծի կամ ներդրումային ծրագրի մասին լուր չկա: Դա կրկնակի տարօրինակ է՝ հաշվի առնելով թեկուզ այն հանգամանքը, որ Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են մեկ ինտեգրացիոն միավորման մեջ, որը սերտ տնտեսական համագործակցություն է ենթադրում ամենատարբեր ոլորտներում:

Առաջնորդներն ամեն անգամ հանդիպելիս սահմանափակվում են տնտեսական փոխգործակցության կայուն աճի վերաբերյալ շարքային արտահայտություններով, ինչ-որ արարողակարգային թվեր են հնչեցնում, իսկ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ ոչ մի իրական տեղաշարժ չի զգացվում: Հատուկ ակտիվություն չեն դրսևորում նաև ռուսաստանաբնակ հայ գործարարները: Այս ամիսներին Փաշինյանը երկու անգամ հանդիպել է նրանց հետ. հուլիսի վերջին` Սանկտ Պետերբուրգում և սեպտեմբերի սկզբին` Մոսկվայում:

Վարչապետը հավաստիացրել է նրանց, որ Հայաստանում խաղի կանոնները փոխվել են, գործարար միջավայրը բարելավվ է, և խոստացել է, որ պաշտոնյաներից ոչ մեկը չի խառնվի նրանց գործունեությանը և չի պահանջի իր բաժինը, ինչպես եղել է նախկինում: Բայց բիզնեսն առայժմ սպասում է: Նման պասիվության ֆոնին աչքի է զարնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների աշխուժացումը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական:

Փաշինյանն ու Պուտինը ժեստերով խոսելու վարպետություն են ցուցադրել. տեսանյութ

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահն այցելել է Սոչի, ստորագրվել են տասնյակ պայմանագրեր` տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության մասին` էներգետիկա, գյուղատնտեսություն, տրանսպորտ, արդյունաբերություն և այլն: Այնուհետև սեպտեմբերի 27-ին Բաքու է մեկնել Ռուսաստանի նախագահը: Մոսկվայի և Բաքվի նման մերձեցումը համեմատաբար կայունություն է երաշխավորում տարածաշրջանում, տվյալ դեպքում՝ ղարաբաղյան հակամարտության գոտում:

Զարգացնելով Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ Մոսկվան փորձում է դրանով հանդերձ հետ պահել նրան արցախյան ուղղությամբ անզգույշ քայլերից: Մյուս կողմից, սակայն, տպավորություն է ստեղծվում, որ հավասարակշռությունը տեղաշարժվում է հօգուտ Բաքվի, ամեն դեպքում՝ տնտեսության ոլորտում: Իսկ սերտ տնտեսական կապերը վաղ թե ուշ կարող են քաղաքական գերակայությունների փոփոխության հանգեցնել:

Անշուշտ, Մոսկվան երբեք Բաքվի հետ երկխոսությունը չի դիտարկել որպես Երևանի հետ դաշնակցային հարաբերությունների այլընտրանք: Մոսկվայի համար Հայաստանի դերը դժվար է գերագնահատել: Այստեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը, հանրապետությունը պատրաստվում է Սիրիա ուղարկել մարդասիրական համակազմ՝ դառնալով միակ պետությունը, որը պաշտոնապես միացել է Ռուսաստանի առաքելությանը արաբական հանրապետությունում: Սակայն այնպիսի պայմաններում, երբ ռազմաքաղաքական երկխոսությունը չի ամրապնդվում ամուր տնտեսական հարաբերություններում, միշտ վտանգ կա, որ նժարը մի օր կթեքվի մյուս կողմ: