Զորքը սահմանի մոտ. Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանում իրավիճակը կապակայունանա

20-հազարանոց խմբավորման մոտ մեկ երրորդը չի վերադարձել թիկունք՝ մնալով շփման գծի մոտ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Արցախի հետ սահմանին անցկացրած լայնածավալ զորավարժություններից հետո Ադրբեջանը որոշել է զորքի մի մասը հետ չտանել մշտական տեղակայման վայր։ Փորձագետները համոզված են, որ Բաքվում սպասում են հայաստանյան զարգացումներին: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիային ասաց, որ ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է, կարելի է ասել՝ կայուն:

«Ճիշտ է` Ադրբեջանում վերջերս անցկացված զորավարժություններից հետո ադրբեջանական բանակի ոչ բոլոր ստորաբաժանումներն են հետ քաշվել իրենց մշտական տեղակայման վայրեր, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, և Արցախի Հանրապետության ՊԲ-ն շարունակում է իր ձեռքերում ամուր պահել ռազմավարական նախաձեռնողականությունը», — ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ սա ոչ առաջին անգամն է, ոչ էլ վերջին, որ Ադրբեջանն այդպես է վարվելու։

Թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին շրջանում կոչ է անում կողմերին զերծ մնալ ապակայունացումից, հասկանալի է, որ նրանց կոչը, առաջին հերթին, վերաբերում է Բաքվին:

Բաբայանը նշեց, որ նման հայտարարություններից հետո Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պետք է հետ քաշի ուժերը շփման գծից: Նա ճիշտ չի համարում համեմատել իրավիճակը 2016թ-ի ապրիլի հետ, որին Ադրբեջանը պատրաստվել է ավելի քան 20 տարի:

Բաբայան. «Ադրբեջանն հիմա ի վիճակի չէ դա անել»

«Ադրբեջանն այն ժամանակ մտածել էր, որ մենք պատրաստ չենք, հասարակությունը համախմբված չէ, և փորձեց սրընթաց պատերազմի միջոցով հարցը կարգավորել։ Բայց քանի որ ստացավ համապատասխան հակահարված, և ձախողվեց նրա նենգ ծրագրերը, հիմա նորից նման պատերազմ սկսելը հեռանակարային չէ, նա ի վիճակի չէ դա անել», — ասաց Բաբայանը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Ադրբեջանը հետևում է Հայաստանում ստեղծված անհանգիստ ներքին իրավիճակին և ամեն դեպքում մարտական պատրաստվածության վիճակում է պահում ուժերը:

«Ադրբեջանն ուզում է պատրաստ լինել նրան, որ Հայաստանում անկայունության X ժամը կարող է հատել կարմիր գիծը, և նրանք կարող են հարձակվել», — ասաց Բոզոյանը: Նրա խոսքով՝ մոտավորապես նման պայմաններից էր օգտվել Հայաստանը 90-ականների սկզբին, երբ Ադրբեջանում Աբուլֆազ Էլչիբեյի կառավարման ընթացքում սկսվել էր իշխանության համար պայքարը:

Ադրբեջանական որոգայթ. կկարողանա՞ Փաշինյանը տեղ բացել Արցախի համար

Նա նշեց, որ Հայաստանը կապիտալիզացրել էր նաև Ռուսաստանի հետ Էլչիբեյի վատթարացած հարաբերությունները: Հայ զինվորների ինքնազոհ պայքարին զուգահեռ դա իր դերը խաղաց հակամարտությունում:

«Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանում տեղի են ունենում նույնպիսի գործընթացներ: Հենց այդ պատճառով նրանք մեծ ուժեր են պատրաստ պահում», — նշեց Բոզոյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում «Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն»` զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներն անցկացրել են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություն, որից հետո ադրբեջանական բանակի ոչ բոլոր ստորաբաժանումներն են հետ քաշվել իրենց մշտական տեղակայման վայրեր։