Մեքենաների տեխզննություն իրականացնող ընկերությունը 33 մլն դրամ է վճարել պետությանը

Քննչական կոմիտեն նոր տեղեկություններ է հրապարակել ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող ընկերությունների չարաշահումների փաստերով հարուցված քրեական գործի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Պետությանը պատճառված վնասից «Տրանս Սիստեմ» ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեի դեպոզիտարիատի հաշվեհամարին փոխանցել է 33.000.000 ՀՀ դրամ: Այս մասին հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

Աջ ղեկ, Հյուսիս-հարավ, երկաթուղի. տրանսպորտի նախարարը` ոլորտի առաջնահերթ խնդիրների մասին

Մինչ այդ, 05.09.2018 թ. դրությամբ «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ընկերությունը, որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարել էր 10.000.000.00 ՀՀ դրամ, «Ավտոռեմ» ավտոտեխզննության կենտրոն ՓԲ ընկերությունը` 22.005.000.00 ՀՀ դրամ, «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերությունը` 40.000.000 ՀՀ դրամ գումար:

Ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող ընկերություններն առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու, փաստաթղթեր կեղծելով, հափշտակել էին տեխնիկական զննության դիմաց քաղաքացիների վճարած գումարները։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ պատճառված վնասի իրական ծավալները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Միջոցներ են ձեռնարկվում նաև պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների թույլ տված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 26 քրեական գործ։