Սերժ Սարգսյանի թոռներն էլ են դիվանագիտական անձնագիր ունեցել. ցանկը հրապարակվեց

«Հրապարակը» ներկայացրել է այն 254 անձանց անունները, որոնք զրկվել են դիվանագիտական անձնագրերից։ Ցանկում ուշագրավ անունների պակաս չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. «Հրապարակն» այսօր հրապարակել է այն 254 անձանց անունները, որոնք այս տարիներին դիվանագիտական անձնագիր են ունեցել, և հիմա նրանցից հետ է վերցվել այդ անձնագրերը։

«Շատ էր ազդվել». Հենոյի մայրը՝ նրա դիվանագիտական անձնագիրը հետ վերցնելու մասին

Պարզվում է` դիվանագիտական անձնագիր են ստացել ՀՀ երկու նախկին նախագահիների ընտանիքները՝ ողջ կազմով։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանից զատ դիվանձնագիր են ունեցել նրա կինը, դուստրերը, փեսաները, նրանց երեխաները, որոնց անունները կան այս ցանկում՝ Ռիտա Սարգսյան, Սաթենիկ Սարգսյան, Հայկ Խաչատրյան, Ռիտա Խաչատրյան, Սերժ Խաչատրյան, Տիգրան Խաչատրյան։

Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն ու նրա որդիները ևս դիվանագիտական անձնագիր են ունեցել։

Այս տարիներին «դիվանագիտական առաքելություն» են իրականացրել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները՝ կինը, որդիները, հարսները, թոռները, այդ թվում՝ տատիկ Բելլա Քոչարյանը, թոռնիկ Բելլա Քոչարյանը, մյուս թոռնիկները, Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ երգչուհի Սիրանույշ Քոչարյանը, նրա ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, վերջինիս ավագ եղբայր Սեդրակ Քոչարյանը, նրա կինը՝ Զարուհի Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, նրա ամուսինը՝ Վիգեն Չատինյանը, նրանց երեխաները և այսպես շարունակ։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ևս դիվանագիտական անձնագիր է ունեցել։

Դիվանագիտական անձնագրեր են ստացել և այսօր դրանցից զրկվել նաև նախկին նախարարներն ու նրանց կանայք, օրինակ՝ Գագիկ Բեգլարյանն ու նրա կինը, Վարդան Խաչատրյանն ու նրա կինը և այլք։

Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը ես եմ եղել. Սամվել Ֆարմանյան

Դիվանագիտական անձնագրի «կարիք» է ունեցել նաև հայտնի Շմայսը՝ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը։ Բայց նա, ի տարբերություն իր պահած զենքերի, այս անձնագիրը «օրենքի տառին համապատասխան» չի տարել ու չի հանձնել ԱԳՆ-ին, երևի որոշել է իշխանությունից մնացած այս վերջին հաճելի հուշը գոնե պահել իր մոտ, հետն էլ՝ ազատ ճամփորդել։ Դիվանագիտական անձնագրից զրկվել են նաև նախկին վարչապետները, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը։ Կարապետյանի կառավարության անդամները նույնպես զրկվածների ցանկում են։

ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են մի շարք երկրների մուտքի թույլտվություն` վիզա ստանալու պահանջից։

Հիշեցնենք` երեկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ ՀՀ արտգործնախարարությունը 254 դիվանագիտական անձնագիր է չեղարկել։