ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակում քննարկել են երկկողմանի և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են երկկողմանի և տարածաշրջանային օրակարգի արդի հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել ռուս-հայկական փոխգործակցությանը միջազգային համաժողովների շրջանակում», — հայտնում է գերատեսչությունը։
Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 18-ին։ ԳՎ ձևաչափում առաջին խոշոր համաժողովը կայացել է սեպտեմբերի 24-ին, երբ տեղի է ունեցել բարձր մակարդակում լիագումար հանդիպում` նվիրված Նելսոն Մանդելայի ծննդյան 100-ամյակին։ Հաջորդ օրը տեղի են ունեցել ԳՎ-ի ամենամյա ընդհանուր բանավեճերը` պետությունների, կառավարությունների և ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել երկու միջոցառումներում։