Վայոց Ձորում փախցրել են գյուղապետի աղջկան

Полиция Армении
Գյուղապետը ոստիկաններին հայտնել է, որ իր ուսուցչուհի աղջկան առևանգողները գյուղում հայտնի են «Խոզ», «Ցանցառ», «Նիկուլին» մականվամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Վայոց Ձորի մարզում փորձել են առևանգել գյուղապետի աղջկան, բայց չի ստացվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով`սեպտեմբերի 25-ին, 16:30-ի սահմանում, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ճանապարհային ոստիկանները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, անձի առևանգում կատարելու կասկածանքով կանգնեցրել են Toyota մակնիշի 12 FF 120 համարանիշի ավտոմեքենան:

Ավտոմեքենայում եղել են Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա Գրիգոր Վահանյանը, 34-ամյա Սամվել Նազարյանը և 30-ամյա Ալիկ Միրզոյանը:

Նրանք փորձել են մոլորեցնել ՃՈ վաշտի և դասակի հրամանատարներին, սակայն անօգուտ է եղել:

Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Արմինե Պ.-ն, որի հայրը Արմավիրի մարզի գյուղապետերից մեկն է և դիմել էր ոստիկանության Արմավիրի բաժին ու հայտնել, որ Toyota մակնիշի ավտոմեքենայով 3 հոգի բռնություն գործադրելով՝ առևանգել են իր աղջկան:

Ճանապարհային ոստիկանները նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ու արդեն գիշերը ժամը 01:00-ին ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը նրանց տեղափոխել է ոստիկանության Արմավիրի բաժին:

Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ գյուղապետը ոստիկաններին հայտնել է, որ իր ուսուցչուհի աղջկան առևանգողները գյուղում հայտնի են «Խոզ», «Ցանցառ», «Նիկուլին» մականվամբ: