«Շատ էր ազդվել». Հենոյի մայրը՝ նրա դիվանագիտական անձնագիրը հետ վերցնելու մասին

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, նշում է, որ իրենք բողոք չունեն այն կապակցությամբ, որ ՀՀ ԱԳՆ-ն ֆուտբոլիստից հետ է վերցրել դիվանագիտական անձնագիրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 Սեպտեմբեր — Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 26-ին Հենրիկ Մխիթարյանի դիվանագիտական անձնագիրը հետ վերցնելու տեղեկությունը լայն քննարկման առարկա է դարձել մամուլում: 

Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը ես եմ եղել. Սամվել Ֆարմանյան

Ինչպես փոխանցում է  «Հայկական ժամանակը», լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում ՀՖՖ գործկոմի անդամ Մարինա Թաշչյանը նշել է, որ Մխիթարյանը դիվանագիտական անձնագիրը ստացել էր 2 տարի առաջ եւ հետ է վերադարձրել 2 ամիս առաջ: Նա նաեւ ասել է, որ իրենք ոչնչից չեն դժգոհում:

«Ոչ բողոքելու բան ունենք, ոչ էլ պարտավորեցնում ենք, որ տան»,- ասել է նա՝ ավելացնելով, որ իրենք չեն դիմելու ՀՀ կառավարություն անձնագիրը վերականգնելու համար:

Մարինա Թաշչյանը նշել է, որ դիվանագիտական անձնագիրը որդուն օգնում էր բազմաթիվ դեպքերում խուսափել փաստաթղթային քաշքշուկներից: Պատմել է, որ ակումբի ու հավաքականի հանդիպումների գրաֆիկը շատ խիտ է, ու դա վիզայի հետ կապված ավելորդ լարվածություն չունենալու միջոց էր: Ամեն դեպքում, Թաշչյանն ընդգծել է, որ հիմա որդին ճանապարհորդելիս խնդիրներ չի ունենում:

««Արսենալն» այն ակումբը չէ, որ թողնի՝ քաշքշուկի մեջ ընկնի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ պարզապես ավելորդ աշխատանք է կատարվում փաստաթղթերի հարցում:

Հենրիխ Մխիթարյանը միակը չէ. ԱԳՆ–ն 254 դիվանագիտական անձնագիր է չեղարկել

Թաշչյանը նշել է, որ որդին իր դերն ունի Հայաստանն աշխարհում ճանաչելի դարձնելու հարցում: Ըստ նրա՝ ՀՀ-ն մի շարք դեպքերում ճանաչում են որպես Մխիթարյանի հայրենիք, սակայն անձնագիրը վերադարձնելու վերաբերյալ նամակը ստանալուց հետո Մխիթարյանն անմիջապես արել է դա, սակայն ազդվել է:

«Շատ ազդվել էր, շատ նեղվել էր»,- ասել է նա՝ ավելացնելով, որ դա պարզապես վերաբերմունք էր:

Մխիթարյանը միակը չէ, ում դիվանագիտական անձնագիրը հետ է վերցվել: Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ չեղարկվել է 254 քաղաքացու դիվանագիտական անձնագիր: