Գնաճն այդքան էլ մեծ չէ. ԿԲ-ն շարունակում է ֆինանսավարկային փափուկ քաղաքականությունը

Կենտրոնական բանկում կարծում են, որ վարկային պայմանները պետք է թողնել հարաբերականորեն փափուկ, քանի դեռ երկրում տնտեսությունը չի ամրացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik.  Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: Այս մասին տեղեկացնում են կառույցի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ըստ տարածած հաղորդագրության՝ 2018 թ. օգոստոսին գրանցվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3.3%: ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ թե՛ ընդհանուր և թե՛ բնականոն գնաճը գտնվել են ԿԲ կանխատեսած ցուցանիշների շրջանակում, և գնահատում, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը դեռևս կպահպանվի նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր մակարդակում։

Երջանկություն է, երբ քեզ հասկանում են. ֆինանսների նախկին նախարարը նոր իշխանության մասին

«Համաշխարհային տնտեսության աճի միտումներն ընթացել են սպասվածին համահունչ, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում արձանագրվել է ավելի թույլ գնաճ: Միևնույն ժամանակ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ, չնայած կապիտալի միջազգային շուկաներում ֆինանսավորման պայմանների աստիճանական խստացմանը, դրա ազդեցությունը զարգացող երկրների ֆինանսական շուկաների տատանողականության վրա որոշակիորեն թուլացել է:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. առաջին կիսամյակի արդյունքներով գրանցվել է սպասվածից բարձր տնտեսական աճ՝ 8.3%, իսկ հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.7%՝ մեծամասամբ պայմանավորված ծառայությունների ոլորտի բարձր աճով: Միևնույն ժամանակ, գնահատվում է, որ երրորդ եռամսյակում շարունակվող զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ազդեցությունը համախառն պահանջարկի վրա մասամբ փոխհատուցվում է պահպանվող մասնավոր ներդրումային ակտիվությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը:

Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, գնաճի նպատակի իրագործման տեսանկյունից Խորհուրդը կարևոր է համարում խթանող դրամավարկային միջավայրի պահպանումը՝ հետագայում դրա աստիճանական չեզոքացման պայմանով:

Արամյան. «Որո՞նք են այն վախերը, որոնց պետք է ուշադրություն դարձնի այսօրվա կառավարությունը»

Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2018 թ. հոկտեմբերի 9-ը հրապարակվելիք Մամուլի հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն)»,-ասված է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: