Երիտասարդ ընտանիքների հիփոթեքային բեռը կթեթևանա. փոխնախարար

Երիտասարդներին կառաջարկեն ապահովագրել վարկը, և այդ դեպքում նրանք կկարողանան սկզբնական գումար վճարել անշարժ գույքի 10%–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկերն ապահովագրելու են։ Մեկնաբանելով կառավարության` սեպտեմբերի 14-ին ընդունած որոշումը` այս մասին լրագրողներին ասաց ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը։

Քաղաքացին մեծ եկամուտ ունի, բայց չի կարող ցույց տալ. հիփոթեքի խնդիրը

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը 2010 թվականից աջակցում է այն երիտասարդ ընտանիքներին, որոնք որոշում են բնակարան գնել։ Նրանց հիփոթեքի տոկոսների մի մասը մարում են բյուջեից։ Աջակցությունը տրամադրվում է, եթե ամուսնու և կնոջ գումարային տարիքը չի գերազանցում 65 տարեկանը։ Սակայն այժմ այդ շեմը հասցրել են 70 տարեկանի։ Արդյունքում ծրագրից 20%-ով շատ ընտանիքներ կարող են օգտվել։

Բացի այդ, բարձրացվել է բնակարանների առավելագույն արժեքը, նորակառույցների դեպքում` 25 մինչև 30 մլն դրամ (երկրորդական շուկայի համար առավելագույն արժեքը մնացել է 25 մլն-ը)։

Բացի այդ, այժմ երիտասարդների համար կթեթևացնեն վարկի սկզբնական մուծումը։ Նախկինում նոր բնակարանի համար պետք էր վճարել արժեքի 20% —ը, երկրորդականի դեպքում` 30%-ը։ Այժմ սկզբում հնարավոր կլինի վճարել միայն 10%-ը։ Իսկ մնացածի համար հնարավոր կլինի ապահովագրություն ձևակերպել։

«Տեսականորեն ռիսկ կա, որ դուք սկզբնական վճարման մյուս մասը չեք վճարի։ Այժմ ապահովագրական ընկերությունը «ծածկում» է ձեր չվճարման ռիսկը բանկին։ Ապահովագրության արժեքը այդքան էլ մեծ չի լինի` ամսական 10-12 հազար դրամ։ Եթե դուք կարողանաք վճարել սկզբնական գումարն ամբողջությամբ, կկարողանաք չօգտվել ապահովագրությունից», — պարզաբանեց Թամազյանը։

Պետական աջակցման շրջանակում վարկ է տրամադրվում տարեկան 9,5% տոկոսադրույքով։ Երևանում բնակարան գնելու դեպքում պետությունը դրա 2%-ը սուբսիդավորում է, մարզերի դեպքում` 4%-ը։ Այդպիսով, վարկառուները փաստացի 7,5% և 5,5% են վճարում։

Ինչպես կարելի է նվազեցնել հիփոթեքային վարկի տոկոսադրույքը. տնտեսագետը լուծում է առաջարկում

«Բացի այդ, եթե հիփոթեքը վերցվում է նոր բնակարանի համար, երիտասարդ ընտանիքը կարող է օգտվել եկամտահարկի վերադարձման արտոնությունից։ Այդ դեպքում տոկոսն ընդհանրապես զրոյական է դառնում», — հիշեցրեց փոխնախարարը։

Նախարարը նաև երկու հանգամանք նշեց։ Նախ` բնակարան կարելի է գնել միայն այն քաղաքում, որտեղ գրանցված ես։ Եթե ընտանիքը, օրինակ, Կապանից է, բնակարան է վարձակալում Երևանում և ուզում է հենց մայրաքաղաքում բնակարան գնել, ապա վարկային աջակցություն չի ստանա (այդ պայմանը կգործի Կապանում բնակարան գնելու դեպքում)։

Երկրորդը` վարկային հայտերը միայն բանկն է հաստատում։

«Բանկը վարկ է տրամադրում իր փողերից, այդ պատճառով էլ միայն բանկն է որոշում ձեր հուսալիությունը։ Պետությունն այս հարցում միջամտել չի կարող»,- ասաց փոխնախարարը։

2010- թ-ի ի վեր ծրագրից ընդհանուր առմամբ 3 527 երիտասարդ ընտանիք է օգտվել։ Ընդ որում` գրեթե կեսը (48%) մարզերից։ Ընդհանուր առմամբ 29 մլրդ դրամի վարկ է տրամադրվել։