ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու է կարևոր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծում է ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի 73–րդ գագաթաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։
Sputnik
Երվանդ Բոզոյան

Նրա խոսքով` Փաշինյանը փորձում էր ավելի պատկերավոր ներկայացնել, թե ինչու է կարևոր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, քանզի աշխարհում շատ հայտնի է, թե ինչ է կատարվել 1915թ.–ին։

«Ըմբռնումով պետք է ընդունվի, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որի ճնշող մեծամասնությունը հայեր են դեռ խորհրդային ժամանակներից, լիիրավ իրավունք ունի ինքնորոշվելու Ադրբեջանից»,–ընդգծում է Բոզոյանը։

Խոսելով Արցախին բանակցային գործընթաց ներգրավելու մասին` քաղաքագետը նկատում է, որ բանակցային ֆորմատում Արցախի մասնակցության դրույթը ենթադրվում է։ «Ե՛վ միջնորդները, և՛ կողմերը համաձայնել են, որ բանակցությունների վերջնարդյունքում ԼՂՀ ներկայացուցիչները պետք է մասնակցեն որպես լիիրավ կողմ։ Ուղղակի կողմերը որոշակի ընդհանուր հայտարարի պիտի գան, որից հետո հնարավոր լինի, որ ԼՂՀ ներկայացուցիչները միանան այդ ֆորմատին»,–ասում է Բոզոյանը։

Նրա խոսքով` այս փուլում Ադրբեջանը դեմ կլինի, որ ԼՂՀ ներկայացուցիչները մասնակցություն ունենան բանակցություններին։