Հենրիխ Մխիթարյանը միակը չէ. ԱԳՆ–ն 254 դիվանագիտական անձնագիր է չեղարկել

Բազմաթիվ կոչերից ու հորդորներից հետո անձնագրերը չեն վերադարձրել գերատեսչությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը 254 դիվանագիտական անձնագիր է չեղարկել։ Այս մասին այսօր ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ չեղարկվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագիրը:

«Այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք մեր կոչերից ու հորդորներից հետո չեն վերադարձվել», — ասաց Բալայանը։

Նրա խոսքով` չի կարող ասել, թե կոնկրետ ովքեր են դիվանագիտական անձնագրեր ունեցել, քանի որ այդ տեղեկությունը պաշտպանված է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով։

Նա նաև նշեց, որ ավելի քան 100 անձնագրեր կամավոր վերադարձվել են։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Հայաստանի հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից։