ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են հանդիպել ԱՊՀ գագաթաժողովում, որը կայանալու է Դուշանբեում։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Երևան, և նրանք պայմանավորվել են, որ այցը կկայանա մոտ ապագայում։
Հայաստանի դեսպանը դժվարացել է ասել, թե կոնկրետ երբ կարող է կայանալ Վլադիմիր Պուտինի այցը Երևան։
«Դժվար է ասել։ Տարբեր վարկածներ կան։ Այս տարի դեռ պետք է կայանան երկու երկրների առաջնորդների հանդիպումները։ Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը, դեկտեմբերին տեղի կունենա ԵվրԱզԷս երկրների գագաթաժողովը։ Այսինքն նրանք հանդիպումներ կունենան», — ասել է դեսպանը լրագրողներին։
Տողանյանը նշել է, որ Փաշինյանի հրավերը վերջերս փոխանցվել է ռուսական կողմին։
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը կանցկացվի Դուշանբեում սեպտեմբերի 27-ին։ Փաշինյանը Դուշանբե կմեկնի Նյու Յորքից, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին։