Փաշինյանը կփորձի կոտրել հանրապետականների դիմադրությունը. քաղտեխնոլոգ

Մրցակիցների բացակայությունը հիմա վարչապետին իր իշխանությունը խորհրդարանական ընտրությունների միջոցով ամրագրելու հնարավորություն է տալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կձգտի հնարավորինս սեղմ ժամկետում հասնել խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման։

Թղթե տնակի «անխոցելիություն». կարո՞ղ է արդյոք Փաշինյանի թիմը կրկնել ՀՀԿ–ի դառը ճակատագիրը

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով` Երևանում տեղի ունեցած ընտրություն, որի ընթացքում վարչապետի դաշինքը ստացավ քվեների ավելի քան 80 տոկոսը, ցույց տվեց, որ այս փուլում Փաշինյանը լուրջ մրցակիցներ չունի և տեսանելի ապագայում դժվար թե ունենա։

«Երևանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ թե՛ «Բարգավաճ Հայաստանը», թե՛ «Ժառանգությունը», թե՛ «Դաշնակցությունը» արմատական բարեփոխումների կարիք ունեն։ Հակառակ դեպքում նրանք կարող են հայտնվել քաղաքական գործընթացների հետին պլանում», — այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Բադալյանը։

Փորձագետը կարծում է, որ այսօր մրցակիցների բացակայությունը վարչապետին իր իշխանությունը խորհրդարանական ընտրությունների միջոցով ամրագրելու հնարավորություն է տալիս, և նա չի հապաղի ընտրություններ անցկացնելու հարցում, քանի որ հասկանում է` որոշ ժամանակ անց իր վարկանիշը օրինաչափորեն կարող է անկում ապրել։

Սակայն արտահերթ ընտրություններ անցկացնելու ճանապարհին լուրջ խոչընդոտ կա` ի դեմս Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական մեծամասնության։ Բադալյանը նշեց` այդ ուժն այսօր կորցրել է իր քաղաքական ադեկվատության զգացողությունը, բայց դա չի խանգարում, որ դեմ գնա վարչապետին և տհաճություններ ստեղծի խորհրդարանում։

Ինչով է սպառնում Փաշինյանին և նրա թիմին Երևանի ավագանու ընտրությունների հաջողությունը

«ՀՀԿ-ն կփորձի որքան հնարավոր է ժամանակ շահել։ Հանրապետականները հույս ունեն, որ վարչապետի և նրա թիմի հանդեպ հասարակության դժգոհությունը կաճի», — ավելացրեց փորձագետը։

Բայց Փաշինյանը կարող է կոտրել ՀՀԿ-ի դիմադրությունը, նրան այդ հարցում կօգնեն տասնյակ հազարավոր կողմնակիցները։ Նրանք կարող են շրջափակել խորհրդարանի շենքը` թույլ չտալով հանրապետական պատգամավորներին նոր վարչապետ ընտրել Փաշինյանի հրաժարականից հետո։ Ինչպես հայտնի է, կառավարության ղեկավարի հրաժարականն անհրաժեշտ քայլ է խորհրդարանը լուծարելու ճանապարհին։ Եթե օրենսդիր մարմինը դրանից հետո երկու անգամ չընտրի նոր վարչապետ, ապա մեխանիկորեն կլուծարվի։

Բայց Փաշինյանը բազմաթիվ անգամ նշել է, որ հանրապետականները «թաքուն» կարող են նոր վարչապետ ընտրել` օգտվելով խորհրդարանում մեծամասնությունից։ Նա կձգտի ամեն կերպ խանգարել դրան։