Մարալիկում «բացել են» Թալեաթի գլուխը

Երկրում իրավիճակի փոփոխությունն իրենց վրա նույնիսկ արձաններն են զգում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Մարալիկ համայնքում տեղադրված ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանի հուշարձանին Sputnik Արմենիան անդրադարձել է։ Այն տեղադրվել էր  քանդակագործի մտահղացման փոփոխությամբ` Թալեաթի գլուխը  փակ, մինչդեռ հուշարձանի հեղինակ, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանն արձանը նախագծել և պատրաստել էր գլուխը բաց՝ Սողոմոնի ոտքերի տակ: 

Ոճրագործի գլուխը որոշվել էր ծածկել արձանը ձուլելու ժամանակ։ Մարալիկում տեղադրվել էր ծածկված տարբերակը, թեև ուշադիր զննելու դեպքում ծածկոցի տակից երևում էին Թալեաթի քիթը և վիզը: 2015 թվականի ապրիլին արձանը հենց այդպես ներկայացավ մարալիկցիներին:

Ո՞ւր է անհետացել Թալեաթի գլուխը. մի արձանի պատմություն

Հեղինակն ի սկզբանե այդ որոշմանը դեմ էր, բայց իշխանություններին, որոնք պնդում էին, թե Եվրոպային դուր չի գա Թալեաթի բաց գլուխը, հակաճառել չէր ստացվել: «Մտահղացումս լրիվ թերի էր, ու այդ ժամանակ հնարավոր չէր հերոսի արձանը ներկայացնել այնպես, ինչպես նախագծել ու պատրաստել էի կավե տարբերակը, որը մինչ օրս իմ արվեստանոցում է»,-նշում է  քանդակագործը:

Ի դեպ, հավանաբար, այդ ժամանակ հեղինակի սիրտը վկայել էր, որ երկրում կարող է իրավիճակ փոխվել, և նա Թալեաթի գլուխն այնպես էր թաքցրել, որ հետագայում հնարավոր լիներ այն կրկին բացել:

Միայն վերջերս Սամվել Պետրոսյանին տեղեկացրել էին՝  Թալեաթի գլուխը բաց է: Մեր այն հարցին, թե ով և ինչու է այդ որոշումն ընդունել, հեղինակը չկարողացավ պատասխանել: «Ինձ համար կարևորն այն է, որ ես հիմա հարյուր տոկոսով տեսնում եմ այն արձանը, ինչ  ծրագրել էի»,- ուրախությամբ նշեց հեղինակը:

1 / 4
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի նախնական տարբերակը
2 / 4
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը Մարալիկում
3 / 4
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը պատրաստման փուլում
4 / 4
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի հին տարբերակը

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլերյանի` 4 մետր բարձրություն ունեցող  բրոնզաձույլ հուշարձանը Շիրակի մարզի Մարալիկ համայնքում բացվել է 2015 թվականի ապրիլի 22-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Մարալիկում Սողոմոն Թեհլերյանը կանգնած է գրանիտե պատվանդանին, ձեռքին՝ ատրճանակ: Սա հենց այն նույն ատրճանակի կրկնօրինակն է, որը Սողոմոնին էր տվել Ավետիք Իսահակյանը:  Հեղինակն արձանը քանդակելիս օգտվել է ազգային արխիվում պահվող լուսանկարներից։