«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում պայթած բալոնը մութ հարցեր է առաջ բերում. լուսանկարներ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ողբերգական հետևանքներ առաջացրած բալոնը, տնօրենի պաշտոնակատարի հավաստմամբ, իրենցը չէ, բերվել է դրսից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում պայթած բալոնը հիվանդանոցին չի պատկանում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին դեպքի վայրում հայտնել է հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը։

Նա հայտնել է, որ պայթյունից անմիջապես հետո եղել է թթվածնային կայանում ու տեսել, որ պայթած բալոնն այլ տեսակի է և ավելի փոքր է այն բալոններից, որ օգտագործում է հիվանդանոցը։ Իսկ թե ինչպես է «օտար» բալոնը հայտնվել իրենց պատկանող տարածքում, հիվանդանոցի ղեկավարը չցանկացավ վարկածներ հայտնել, թեև չթաքցրեց, որ որոշ տարբերակներ այդ հարցի շուրջ ունի։

Նոր մանրամասներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունից

Հիշեցնենք, որ այսօր, ժամը12։00-ի սահմաններում, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում թթվածնային բալոն է պայթել։ Պայթյունը տեղի է ունեցել հիվանդանոցին պատկանող թթվածնային կայանի տարածքում, որտեղ բալոնների լիցքավորում է իրականացվում։

Թթվածնային կայանը հիվանդանոցային մասնաշենքից մի փոքր այն կողմ է։ Հիվանդանոցային այլ բաժանմունքներ պայթյունից չեն տուժել։

Թթվածնային բալոնի պայթյունի հետևանքով մահացել է հիվանդանոցի թթվածնային կայանի տեխնիկ–օպերատոր Վահրամ Գասպարյանը, ով հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատարի տեղեկություններով 42 տարեկան է, երկար տարիներ աշխատել է հիվանդանոցում, նախկինում համատեղության կարգով նաև մանկական բաժանմունքի վարորդ է եղել։

Պայթյունից տուժած երկրորդ անձը ևս թթվածնային կայանի աշխատակից է։ Նա թեթև վնասվածքներ է ստացել և այս պահին բուժօգնություն է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

1 / 4
Պայթյուն «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում
2 / 4
Պայթյուն «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում
3 / 4
Պայթյուն «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում
4 / 4
Պայթյուն «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում