Հիվանդանոցի թթվածնի արտադրության կայանում խնդիր չի եղել և չկա. նախարարության արձագանքը

ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի թթվածնի արտադրության կայանում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով մեկ աշխատակից մահացել է, մեկը` տեղափոխվել հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի թթվածնի արտադրության կայանում արտադրական ու անվտանգության խնդիր չի եղել ու չկա։ Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ կայանն ամենամյա պարտադիր փորձաքննությունն անցել է ս.թ. հունիսին և ունի 1 տարվա աշխատանքի դրական եզրակացություն:

«Կայանում արտադրության և աշխատակիցների անվտանգությանն առնչվող որևէ խնդիր չի եղել ու չկա. այն այս պահին էլ շարունակում է իր անխափան աշխատանքն ու հիվանդանոցին թթվածնի մատակարարումը»,- հայտնում է նախարարությունը:

Թթվածնի բալոնի պայթյունի պատճառն, ըստ հաղորդագրության, եղել է բացառապես լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջ-պայմաններին: Բալոնը չի պատկանել բուժհաստատությանը։ Իսկ թե ինչպես է այն հայտնվել կայանում ու ինչն է եղել պայթյունի պատճառը, ճշտում է ոստիկանությունը։

«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում պայթած բալոնը մութ հարցեր է առաջ բերում. լուսանկարներ

Առողջապահության նախարարությունը նաև հայտնում է, որ բալոնի պայթյունից տուժած Թ.Ա.-ն ձախ թևի թեթև վնասվածքներ է ստացել։ Անցել է անհրաժեշտ հետազոտություններն ու ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

Հիշեցնենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում թթվածնային բալոնի պայթյունը տեղի է ունեցել այսօր կեսօրին, 12։00-ի սահմաններում։ Ինչպես տեղում Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը, պայթյունը տեղի էր ունեցել հիվանդանոցին պատկանող տարածքում` թթվածնային կայանում, որտեղ, բալոնների լիցքավորում է իրականացվում։

Թթվածնային բալոնի պայթյունի հետևանքով մահացել է հիվանդանոցի թթվածնային կայանի տեխնիկ-օպերատոր Վահրամ Գասպարյանը, ով հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատարի տեղեկություններով 42 տարեկան է, երկար տարիներ աշխատել է հիվանդանոցում, նախկինում համատեղության կարգով նաև մանկական բաժանմունքի վարորդ է եղել։ Պայթյունից տուժած երկրորդ անձը ևս թթվածնային կայանի աշխատակից է։