Առաջին հերթին ի՞նչ պետք է ապացուցի Հայկ Մարությանը երևանցիներին

«Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը վստահ է, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթած քաղաքական ուժը պետք է կարողանա համագործակցություն հաստատել բոլոր կուսակցությունների և դաշինքների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Ավագանու ընտրություններում հաղթած «Իմ Քայլը» դաշինքը նախևառաջ պետք է ապացուցի, որ Երևանը բոլորինն է, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց «Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը։

Ի՞նչ գիտենք Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանի մասին. ԱԱԾ–ն ու չեխ կինը

«Թող բոլորը դասեր քաղեն նախկին սխալներից։ Նոր թիմը պետք է համագործակցության ձևաչափ գտնի բոլոր 12 թեկնածուների հետ, վերցնի լավագույն գաղափարները և իրագործի դրանք։ Ապացուցի, որ Երևանը բոլորինն է», — ասաց Պողոսյանը։

Նա նշեց նաև, որ պետք է հասկանալ մի բան` բոլոր հարցերը մեկ օրում չեն լուծվում։ Տարվա ավարտին չորս ամիս է մնացել, նշանակում է` բյուջեի մեծ մասն արդեն ծախսված է։ Ստորագրված են պայմանագրեր, որոնք պետք է իրագործվեն։ Նոր ավագանին պետք է լուծի այդ բոլոր հարցերը։

«Կլինի աշխատակազմի օպտիմալացում, «զտում», հակակոռուպցիոն արշավ։ Սակայն նոր ավագանին պետք է այնպես անի, որ մենք 2800-ամյակն իսկապես դիմավորենք նույն տոնական մթնոլորտում, ինչ սեպտեմբերի 21-ը», — ասաց Պողոսյանը։

Պողոսյանը կարծում է, որ Հայաստանն անցած շաբաթ հաջողությամբ է հանձնել «երկու քննությունները». Հայաստանի անկախության օրն անցել է դրական և տոնական մթնոլորտում, ընտրություններն էլ եղել են արդար ու թափանցիկ։

«Կուկուռուզնիկ» և Սայաթ–Նովա. Հայկ Մարությանը պատմեց «իսկական» Երևանի մասին

«Ուրախ եմ, որ մենք սովորել ենք քվեարկել։ Մենք քվեարկել ենք, և այդ ձայներն արդար են եղել», — ասաց Պողոսյանը։

Փորձագետը նշեց, որ առաջիկայում Հայաստանին նոր փորձություն է սպասում` խորհրդարանական արտահերթ ընտրությունները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։