Իսկ դու ինձ «զագս» տարար. ապագա քաղաքապետ «Կարգին Հայկոն» կփորձի նոր դերը

Հայկ Մարությանը հասցրել է «լինել» բժիշկ, կաշառակեր ոստիկան, թեթևաբարո կին, թմրամոլ և օրենքով գող։ Այժմ նա ստիպված կլինի փորձել քաղաքապետի կերպարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հասարակությանը հայտնի է դերասանական կարիերայի շնորհիվ։ Նրա մասնակցությամբ «Կարգին սքեչերն» արդեն վաղուց են դասական երգիծանքի կարգավիճակ ստացել հայերի համար։

Ի՞նչ գիտենք Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանի մասին. ԱԱԾ–ն ու չեխ կինը

Մարությանը դերասանական գործունեության ավելի քան երկու տասնամյակի և խաղացած մի քանի հարյուր, եթե ոչ հազար դերերի ընթացքում հասցրել է հանդես գալ մի շարք ամպլուաներում։

Նրա կարիերայի մեկնարկը եղել է 1998 թվականին «Ուրախների և հնարամիտների ակումբում», սակայն իրական փառքի է արժանացել «Մեր բակը» հումորային ֆիլմում նկարահանվելուց հետո։ Այն ժամանակ նա ստանձնել էր երես առած երիտասարդի դերն ու երգում էր. «Ես լավ տղա եմ, և ինձ Կյաժ են ասում»։

Ավելի ուշ ճանաչում բերեցին «Կարգին սքեչերը», որտեղ Մարությանն իր գործընկեր Մկրտիչ Արզումանյանի հետ մարմնավորեց երեխաների, գյուղացիների, ինտելիգենտ ուսուցիչների, բժիշկների, խելագարների, թեթևաբարո կանանց, տատիկների և քահանաների կերպարները։

Նրանց կատակները թևավոր խոսքերի վերածվեցին, իսկ կարճ սերիալներում հնչող արտահայտություններից շատերն ավելացան երիտասարդության բառապաշարում։
Կարգին Հայկոն փրկեց ինքնասպանության փորձ անող տղամարդուն

«Կարգին սերիալի» ցուցադրությունից հետո, որտեղ նա հարուստ, իսկ Մկրտիչ Արզումանյանն աղքատ եղբոր դերերն էին ստանձնել, հայտնի դարձան «ոնց եմ ես ձեզանից զզվում» և «թաթիկները պաչեմ» արտահայտությունները։ Ի դեպ, առաջին արտահայտությունը Մարությանն օգտագործեց նաև «թավշյա հեղափոխության» օրերին ելույթ ունենալիս` այդ խոսքերը հասցեագրելով ՀՀԿ-ին։

Մարությանի կյանքում առանձին էջ դարձան «Սուպեր մամա» 1 և 2 ֆիլմերը։ Ֆիլմում նա մարմնավորեց կնոջ կերպարով հանդես եկող տղամարդու դերը։ Սցենարը շատ նման էր լեգենդար «Թութսի» ֆիլմին։ Հենց այդ ֆիլմում նա ցույց տվեց, թե որքան լավ է տիրապետում կերպարանափոխման արվեստին։ Այդ ֆիլմից հետո մեծ տարածում գտավ «կուկլիկ ջան» արտահայտությունը, որն օգտագործում են հիմնականում ոչ գրավիչ աղջկան դիմելու կամ նկարագրելու համար։

Վերջին օրերին, երբ պարզ դարձավ, որ Մարությանն է նստելու քաղաքապետի աթոռին, համացանցում վարակի պես տարածվեց «Ազիզյաններ» սերիալի կատակներից մեկը, որտեղ Մարությանի հերոսն ասում է կնոջը. «Ուսանող ժամանակ պիտի մտնեի քաղաքականություն, իսկ դու ինձ տարար, մտցրեցիր «զագս»»։

Մարությանը մասնակցել է նաև մի շարք այլ հայտնի հումորային նախագծերի, որոնց թվում են «220 վոլտը», «Վայլուրը», «Մեր բակը» 1-2, «Թույն կասետը», «Բանդան», «7,5»-ը, «No comment»-ը, «Ալա Բալա Նիցան», «Սիրո գործակիցը»։

Այսօր նա քաղաքապետի դերը փորձելու հնարավորություն է ստացել, որի շնորհիվ կարող է արմատախիլ անել բոլոր այն բացասական երևույթները, որոնց դեմ էր հանդես գալիս վերջին 8 տարվա ընթացքում։