Կկապեն Վրաստանի հետ. Հայաստանը Bloomberg–ի զբոսաշրջության վարկանիշային աղյուսակում է

Հայտնի միջազգային զբոսաշրջային ընկերությունները մտադիր են նոր ուղղություն ներմուծել, որը կապում է Հայաստանը և Վրաստանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը Bloomberg–ի վարկանիշում զբաղեցնում է 10 տեղն այն երկրների շարքում, որոնք արձանագրել են զբոսաշրջային ոլորտի զարգացման արագ տեմպեր։

Պարբերականը զրուցել է Cox & Kings զբոսաշրջային ընկերության ամերիկյան մասնաճյուղի ղեկավար Ուորեն Չանգի հետ, որն էլ նշել է այն 10 եվրոպական երկրները, որտեղ զբոսաշրջությունը զարգանում է արագ տեմպերով։ Վարկանիշը կազմվել է այդ ոլորտներում երկրների տարեկան տնտեսական ցուցանիշների հիման վրա։ Փորձագետը նշել է, որ 2017թ.–ին Հայաստանի տարեկան աճը կազմել է 18,65 տոկոս։

Եկան, հարցրին և անհետացան. ո՞վ է խափանում Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացումը

Հայաստանը 2019–ի ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղություններից է, կարծում է նա։ Փորձագետը հաղորդել է, որ Cox & Kings ընկերությունը ծրագրում է ներմուծել նոր զբոսաշրջային ուղղություն, որը կապում է Հայաստանը և Վրաստանը։ Այդ ուղղությունը սպասարկող ընկերությունների շարքում հայտնի են Abercrombie & Kent, Ker & Downey և TCS World Travel.

«Նրանք արդեն սկսել են գովազդել Հայաստանը և երկրի տեսարժան վայրերը։ Ավելին` երկրի հյուրերը կարող են այցելել տեղի կոնյակի և գինու գործարաններ, կարող են հանդիպել գորգագործների հետ, լսել հոգևոր երաժշտություն, լավաշ թխել և այլն», – նշել է Չանգը։

Նշենք, որ այս վարկանիշային ցուցակի մեջ են նաև Բոսնիա և Հերցոգովինան (18.66%), Մոլդովան (18.66%), Ադրբեջանը (20%), Մակեդոնիան (23,5%), Իսլանդիան (24,11%), Թուրքիան (24.14%), Իսրայելը (24,6%), Վրաստանը (27,9%), Սան Մարինոն (31,1%)։

2018թ.–ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան են այցելել 10,2%–ով ավելի զբոսաշրջիկներ։ Այդ շրջանում հանրապետությունում  է մտել 686 հազար զբոսաշրջիկ, դուրս եկել` մոտ 611 հազար (7,1%-ով ավելի)։ Այսպիսով` հանրապետությունը 75 հազարով ավելի շատ զբոսաշրջիկներ է ընդունել, քան բաց թողել։ Այդ դրական հավասարակշռությունն ավելի շատ է, քան 2017թ.–ի առաջին կիսամյակում (52 հազար)։ Զբոսաշրջիկների 27%–ը ժամանել են Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից (աճը` 17,4%), 24%–ը` Եվրամիությունից (43,3% աճ) և 48,9%–ը` ուրիշ երկրներից (8,1% աճ)։