Եվրոպական դատարանը հաստատեց իմ ասածը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ և խոսել մարտի 1-ի դեպքերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Նյու Յորքի, ինչպես նաև ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ:

Մարտի 1-ի գործով դատավորները կարող է պատասխանատվության կանչվեն. Փաշինյան

Նա շնորհակալություն է հայտնել նրանց ջերմ ընդունելության համար և նշել, որ շատերին Հայաստանում արդեն իսկ հանդիպել է և հույս հայտնել, որ նրանք կվկայեն` հայրենիքում այսօր տիրում է բոլորովին այլ տրամադրություն, այլ մթնոլորտ:

«Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կառավարության լուծելու առաջնահերթությունների թվում են. դրանք արտաքին քաղաքական են, տնտեսական, իրավական և այլն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու օր առաջ իր առաջին վճիռը հրապարակեց 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի գործերի հետ կապված, և ինչպես պնդում են իրավաբանները, այդ վճռի իրավական նշանակությունը հետևյալն է, որ մարտի 1-ին և դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի, որը ՄԻԵԴ-ի պնդումն է, որի անկախությունը և անաչառությունը որևէ կասկած չի թողնում: Սա նշանակում է, որ այն, ինչի մասին խոսում էի օգոստոսի 17-ի հանրահավաքին, խոսքը դատական համակարգի խնդիրների մասին է, հաստատվեց նաև ՄԻԵԴ դատավճռով»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այսօր մեծ մարտահրավերներ ունի, որոնց լուծման գործում հույս է կապում նաև սփյուռքի հետ:

Եվրոպական դատարանը Մարտի 1-ի գործով առաջին վճիռն է կայացրել

«Ամենևին էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետի կարգավիճակում՝ ես կամ որևէ մեկը, ամենակարևորն այն է, որ այսօր միայն ՀՀ քաղաքացին է ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով որոշելու, թե ով պետք է լինի իշխանություն, ով` ընդդիմություն, ով լինի պատգամավոր և ով` ոչ: Սա ամենակարևոր փոփոխությունն է, որը որևէ պարագայում չի փոփոխվի: Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններում ստանում է այդքան ձայն, բայց բոլորդ գիտեք, որ այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. ես խնդրել էի այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քվեարկել նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա»,- ասել է Փաշինյանը։

Նա ավելացրել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները: