ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է հայերով։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ: Հզո՜ր քաղաքացի: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ծառայում եմ բոլորիդ»,- գրել է նա:
Նշենք, որ ԿԸՀ-ն արդեն ամփոփել է բոլոր ընտրատեղամասերի արդյունքը, և Երևանի ավագանու ընտրությունում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։
Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։
Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձել է Երևանի նոր քաղաքապետ։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե, քաղաքական ուժը ստացել է ձայների 50 տոկոսից ավելին, այդ դեպքում տվյալ քաղաքական ուժի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ։
Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ԱՄՆ է մեկնել երեկ` սեպտեմբերի 23-ին, այնտեղից նա կմեկնի Տաջիկստան և Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 29-ին։