Արա Բաբլոյանը շնորհավորել է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին

Ազգային ժողովի նախագահը կարծում է, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Հայկ Մարությանին, ԲՀԿ-ին և «Լույս» դաշինքին։ Այս մասին նշված է ԱԺ-ի կայքում։

«Թեև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված»,- նշված է Բաբոլյանի հայտարարության մեջ:

ԱԺ նախագահը շնորհավորել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին և դաշինքի առաջին համարը զբաղեցնող թեկնածու Հայկ Մարությանին` ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

Ինչո՞ւ է «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը մեծ պատասխանատվություն Փաշինյանի համար

Նա շնորհավորել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Լույս» դաշինքին` Երևան քաղաքի ավագանու կազմում ընդգրկվելու կապակցությամբ:

Բաբլոյանը բոլոր ուժերին մաղթել է հաջողություններ մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։