ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը համարում է նման հարցերը կարգավորելու ֆանտաստիկ օրինակ: Գուտերեշն այս մասին ասել է Facebook-ի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին պատասխանելու ընթացքում:
«Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Ֆանտաստիկ օրինակ է, ինչի շնորհիվ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- ասել է Գուտերեշը:
Հիշեցնենք, որ 2018թ–ի ապրիլ–մայիսին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որը ներկա իշխանություններն անվանում են «թավշյա» հեղափոխություն։ Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո կառավարությունը գլխավորեց ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։