Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ուղղությամբ.Շարմազանովը`Բելառուսին

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև ՀԱՊԿ գործունեությանն ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Հարկ եմ համարում ընդգծել, որ Ադրբեջանին վաճառած զենքը կրակել, կրակում և, հավանաբար, կրակելու է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ուղղությամբ»: Մինսկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստին այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև ՀԱՊԿ գործունեությանն ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին.

ՀԱՊԿ–ի ներուժն անհնար է կիրառել Տավուշում. կազմակերպությունում բացատրեցին` ինչու

«Հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունները կարևորվում են ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին մեր երկու պետությունների անդամակցությամբ: Անվտանգության հարցերը շարունակում են առանցքային լինել մեր տարածաշրջանի համար: Դեռևս 2000 թվականին մեր պետությունները Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ընդունել են հռչակագիր, որի համաձայն կազմակերպության անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է կրի առաջնային բնույթ, սակայն գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ զենք են վաճառում Ադրբեջանին: Հարկ եմ համարում ընդգծել, որ Ադրբեջանին վաճառած զենքը կրակել, կրակում եւ, հավանաբար, կրակելու է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ուղղությամբ: Սա մտահոգիչ է»,–ասել է Շարմազանովը:

Նա հիշեցրել է, որ վերջին շրջանում ադրբեջանական ուժերը հաճախակի կրակ են արձակում Հայաստանի սահմանակից շրջանների խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչը միջազգային բոլոր նորմերի կոպտագույն խախտում է: «Կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է դատապարտեն նման ապակառուցողական քաղաքականությունը»,–նշել է Շարմազանովը:

Հիշեցնենք` սեպտեմբերին Ադրբեջանական դիրքերից պարբերաբար գնդակոծության են ենթարկվել Տավուշի մարզի սահմանամերձ հայկական գյուղերն ու ավտոճանապարհները։

Մնացականյանը ասել է, թե ինչու ՀԱՊԿ–ը չի արձագանքում հայ–ադրբեջանական սահմանի սրացմանը

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։

Սեպտեմբերի 16-ի գիշերը Տավուշի մարզի Կոթի գյուղում ադրբեջանական կրակոցներից հրազենային վնասվածք էր ստացել գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը։

Հիշեցնենք նաև` հունիսի 11-ին Բաքուն ցուցադրել էր Բելառուսից գնած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:Դրանք նախատեսված են հակառակորդի ցանկացած խմբային կամ կետային թիրախներին, կենդանի ուժին ու տեխնիկային հարվածելու համար։ Իր ռազմավարական ու մարտավարական բնութագրերով գերազանցում է ռուսական անալոգներին։ Մասնավորապես` «Սմերչ» համալիրի կրակոցների հեռավորությունը 90 կմ է, իսկ «Պոլոնեզներինը»` 50-ից 200 կիլոմետր և ավելի։