ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը որոշ մանրամասներ է հրապարակել ԲՀԿ Աջափնյակի նախընտրական շտաբում ընտրակաշառքի փաստով հարուցված քրեական գործից։
Պարզվում է, որ հայրը որպես ընտրակաշառք ստացած գումարի որոշ մասը տվել է որդուն` վճարումներ կատարելու համար, իսկ մնացած գումարով ներկայացել է իրավապահներին։
Ըստ ԳԴ պաշտոնական հաղորդագրության` սեպտեմբերի 22-ին մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի մի բնակիչ 40.000 ՀՀ դրամ գումար է վերցրել՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար:
Հետո արդեն պարզվել է, որ ընտրակաշառք վերցրած քաղաքացին Երևան քաղաքի Շինարարներ փողոցում գումարը փոխանցել է որդուն, ով այդ գումարից 25 000 դրամի վճարումներ է կատարել, իսկ մնացած 15.000 դրամը հայրը վերցրել և ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին:
Ընտրակաշառքի փաստով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: