Տուգանք և ազատազրկում` քվեաթերթիկը լուսանկարելու համար. նախազգուշացնում է ՄԻՊ–ը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը զգուշացրել է` քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սոցիալական ցանցերում արձանագրել է գրառումներն այն մասին, որ քվեարկողներին պարտադրվում կամ կոչ է արվում լուսանկարել քվեաթերթիկն ու այդ կերպ ապացուցել քվեարկության կոնկրետ արդյունքը:

Երևանի ավագանու ընտրություն. ոստիկանությունն արդեն 10 ահազանգ է ստացել

ՄԻՊ–ն զգուշացնում է, որ դա ընտրական իրավունքի խախտում է, որի համար նաև քրեական պատասխանատվություն է նախատեսված։

«Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը»,– հայտարարում է պաշտպանն ու հիշեցնում` այդ արարքը պատժվում է 500 000-700 000 դրամ տուգանքով, կամ  2-5 տարվա ազատազրկմամբ:

Իսկ քվեաթերթիկը լուսանկարելն ու հրապարակելը պատժվում է 100 000-200 000 դրամ տուգանքով: