ԲՀԿ–ն դիմել է ՄԻՊ–ին. բերման ենթարկվածին ամբողջ գիշեր պահել են ոստիկանությունում

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ամփոփել է ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը։ ԲՀԿ–ն հաղորդում է ներկայացրել Աջափնյակի շտաբում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ժամը 15:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ է ստացել:

Աշխատանքային խումբն ուսումնասիրել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի ավելի քան 600 հրապարակում:

Հարուցվել է քրեական գործ ԲՀԿ–ի Աջափնյակի նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքով

Ըստ հաղորդագրության` այսօր առավոտյան թեժ գծին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով նախորդ օրը երեկոյան ինքը բերման է ենթարկվել ոստիկանություն և այնտեղ պահվել մինչև առավոտյան ժամը 06:00-ն: Այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանին հաղորդում է ներկայացրել նաև Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հիմնական ահազանգերը վերաբերել են հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղամասերի անմատչելիությանը, նույնականացման քարտով ընտրելու հնարավորությանը, իրազեկման թերթիկ չստանալուն և այլն:

Իսկ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում արձանագրված հրապարակումները վերաբերել են տեղամասերի կահավորմանը, հանձնաժողովների անդամների վարքագծին և այլն: Արձանագրվել են քվեարկության գաղտնիության ապահովման խնդիրներ, մասնավորապես՝ քվեաթերթիկների լուսանկարահանման և տարածման դեպքեր:

Արձանագրվել են նաև տեղամասերի մոտակայքում կուտակումների և ընտրողների ուղղորդման դեպքերի վերաբերյալ հրապարակումներ:

ՄԻՊ աշխատակազմն առանձին ուշադրություն է դարձրել լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների մասին տեղեկություններին: