Ինչու Ռոբերտ Քոչարյանը չի գնում ընտրության. պարզաբանում է Վիկտոր Սողոմոնյանը

ՀՀ երկրորդ նախագահը զրկված է քաղաքացիական պարտքը կատարելու իրավունքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Պատճառն անձը հաստատող փաստաթղթերի բացակայությունն է։ Sputnik Արմենիային ասաց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը և ID քարտը գտնվում են Հատուկ քննչական ծառայությունում»,- ասաց նա:

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Հուլիսի 27-ին երկրորդ նախագահը կալանավորվել էր: Սեպտեմբերի 4-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: