Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց ավանդական հարցին. հանուն ինչի քվեարկեց նա

Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց ավագանու ընտրության քվեարկությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ մասնակցեց Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը։

Նիկոլ Փաշինյանը կատարեց քաղաքացիական պարտքը. լուսանկարներ

Նա ընտրատեղամաս էր եկել մենակ։ Ասաց, որ կինը` Արմինե Հովհաննիսյանը, այսօր առավոտյան մեկնել է Լոս Անջելես, որտեղ միջոցառում է նախատեսված։

Քվեարկելուց հետո Հովհաննիսյանը պատասխանեմ ավանդական հարցին` հանուն ինչի է քվեարկել նա։

«Ամբողջ գիշեր մտածել եմ, թե ինչպես պետք է պատասխանեմ այս հարցին։ Ես քվեարկել եմ հանուն ազատ, արժանապատիվ և առաջատար մայրաքաղաքի և հայրենիքի։ Բարի ընտրություն եմ մաղթում բոլոր համաքաղաքացիներին և մրցակից ուժերի թեկնածուներին»,- ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով` նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել են յուրովի մեկնություններ, շեղումներ, ամեն մեկն իր ձեռագիրը թողել է։

«Հիմա հասել ենք այստեղ, կան որոշ հարցեր, որոնք պետք է ուղղվեն ապագայում, բայց ներկա պահին ունենք ընտրական գործընթաց, որը քայլ առաջ է, և հույս ունեմ, որ Երևանի քաղաքացին խղճի մտոք կքվեարկի և կունենա իր իշխանությունը»,– ասաց քաղաքապետի թեկնածուն:

Հովհաննիսյանը հուսով է, որ այս ընտրության ժամանակ կարձանագրվեն միջին ու մանր, ոչ թե համակարգային շեղումներ։

Ըստ նրա` կարևորը ոչ միայն ընտրությունների բովանդակային առաջախաղացումն է, այլև այն, որ քաղաքացիները լիարժեք վստահ լինեն իրենց կատարած ընտրությանը։

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 23-ին, առավոտյան 08։00-ին բացվել են 475 ընտրատեղամասերի դռները, և քաղաքացիները մինչև 20։00-ն կարող են ընտրել Երևանի ավագանու ընտրությանը մասնակցող քաղաքական 12 ուժերից որևէ մեկին։