ՀՅԴ թեկնածուն քվեարկեց ու բողոքեց քարոզարշավի ընթացքում վարչական լծակների օգտագործումից

Դաշնակցության թեկնածուն կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Ավագանու ընտրության քարոզարշավին վարչական լծակների օգտագործման օրինակ էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՅԴ-ի քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը Երևանի ավագանու ընտրության քվեարկեց հանուն երևանցու, երիտասարդության, կանաչապատ Երևանի, երևանցու համերաշխության և միասնականության։ Այս մասին նա ասած լրագրողներին։

Մանուկյանի խոսքով` քարոզարշավի ընթացքը բավարար էր, բայց մի քիչ քաղաքականացվեց, գնաց դեպի վարչապետին սատարելու ուղղությամբ։ Նա նշեց, որ քարոզարշավն իրական քաղաքապետական ուղղությունից շեղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության պատճառով։

«Եթե խոսում ենք, որ պիտի վարչական լծակներ պիտի չլինեին, արդյո՞ք վարչական լծակի օգտագործում չէ վարչապետի` այդ մասշտաբի մասնակցությունը»,- ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ քարոզարշավի սկզբում ՀՅԴ-ի ուղղությամբ թիրախավորումներ եղել են, բայց հայտնի չէ` որ քաղաքական ուժի կողմից։

«Օրինակ` երբ հայտնի դարձավ, որ ես եմ քաղաքապետի թեկնածուն, պատմություններ գրեցին, որոնք ինձ հետ կապ չունեին»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը կատարեց քաղաքացիական պարտքը. լուսանկարներ

Ինչ վերաբերում է այսօրվա քվեարկությանը, ապա, Մանուկյանը համոզված է, որ ՀՀ քաղաքացին բարձր ինքնագիտակցություն ունի, և նա հուսով է, որ քաղաքացին կքվեարկի խղճի մտոք։

Մանուկյանն անդրադարձավ նաև երեկ ԲՀԿ Աջափնյակի շտաբում տեղի ունեցած ստուգումներին։

«Ըստ հավաստի լուրերի` ոստիկանությունը չի կարող այդպիսի գործողություններ կատարել: Մի քիչ ավելի պրոֆեսիոնալ պետք է լինի: վերջիվերջո, կուսակցության գրասենյակ է, 80 հոգով շրջապատել, հետո ասել՝ ոչինչ չգտանք»,– ասաց նա:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: