Հայկ Մարությանը լարված քարոզարշավում նաև զավեշտալի դեպքեր է արձանագրել

Երևանի քաղաքապետի թեկնածուն խորհուրդ է տալիս ընտրական զավեշտները հավաքել ֆիլմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր ընտրության էր եկել ավագ դստեր հետ։

«Այսօր կիսվել ենք, ես մեծ աղջկաս հետ եմ եկել, կինս տանը փոքրիկներին է քնեցնում»,- ասաց նա` պատասխանելով այն հարցին, թե ինչու կնոջ հետ չի եկել քվեարկության։

Մարությանն ընտրության էր եկել տոնական տրամադրությամբ և այն գիտակցությամբ, որ վերջին տասնամյակների ընթացքում այսօր առաջին անգամ են իրապես ազատ ու արդար ընտրություններ կազմակերպվում։

1 / 5
Հայկ Մարության
2 / 5
Հայկ Մարության
3 / 5
Հայկ Մարության
4 / 5
Հայկ Մարության
5 / 5
Հայկ Մարության

Ինչ վերաբերում է իր հակառակորդների, մասնավորապես` ԲՀԿ-ի բարձրաձայնած հակաքարոզչության ու ընտրախախտումների մասին ահազանգերին, Հայկ Մարությանը նշեց, որ դրանցից տեղյակ չէ։ Փոխարենը ասաց, որ հակաքարոզչություն իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի դեմ։

Ինչպես քվեարկեց Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

«Շատ ուժեր ասում են, որ իրենց հանդեպ այսպես կամ այնպես է, բայց վստահաբար կարող եմ ասել, որ մեր ուժի նկատմամբ շատ սև PR-ի էլեմենտներ են օգտագործվել»,- ասաց նա` հավելելով, որ ինքն այդ մասին քարոզարշավի ընթացքում երբեք չի հայտարարել։

Իսկ քարոզարշավի լարված մթնոլորտը Մարությանին չի անհանգստացնում։ Նա համոզված է, որ թեժ քարոզարշավին հաջորդելու է հանդարտ հետընտրական շրջանը։

«Այդպես տեղի է ունենում ամբողջ աշխարհում, ուղղակի մեզ համար դա անսովոր է։ Սկզբից ընթանում է ընտրարշավ։ Այո՛, կրքերը բորբոքվում են, այո՛, ինչ-որ բաներ են գտնում իրար վրա` սուտ, ճիշտ, այդ ամենը կոչվում է ընտրարշավ։ Այդ ամենը կոչվում է քաղաքականություն, և տեղի է ունենում մինչև ընտրությունները։ Իսկ ընտրություններից հետո ամեն ինչ հանդարտվում է»,- ասաց նա։

Իսկ քարոզարշավին Մարությանն առաջին անգամ է այլ դիտակետից ու այլ աչքով հետևել և խոստովանում է` զավեշտալի միջադեպեր է արձանագրել։ Բայց քարոզարշավի մասին հումորային ֆիլմ նկարահանելու մտադրություն ու ժամանակ չունի, թեև չի բացառում, որ, եթե գտնվի մեկը, ով կցանկանա մեկտեղել նախընտրական զավեշտները, ինքը կարող է օգնել խորհուրդներով։

Այդուհանդերձ, ընտրվելու դեպքում էլ Մարությանը նշեց, որ ստեղծագործական աշխատանքից չի հրաժարվելու ու փորձելու է շարունակել ստեղծագործել։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: