Արարատում փողի շուրջ ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ

Հիվանդանոց տեղափոխված երիտասարդն ասել է, որ ընկել է երկաթյա ամրաձողի վրա, բայց ոստիկանները պարզել են, որ նրան մեկ այլ երիտասարդ է դանակահարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Արարատ քաղաքում փողի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ երիտասարդներից մեկը դանակով հարվածել է մյուսին։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին։ Ժամը 21.25-ին ոստիկանության Արարատի բաժինն «Արարատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք հեմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը հայտնեց, որ ըստ տուժողի, ընկել է երկաթյա ամրաձողի վրա:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները պարզել են, որ իրականում դանակահարություն է եղել։ Նախնական տվյալներով, սեպտեմբերի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատ քաղաքի Սպանդարյան փողոցի վերջնամասում, պարտքով տված փողի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժածին դանակով հարվածել է 20-ամյա Գևորգ Պ․-ն։

Գևորգ Պ․-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: