Արարատ Զուրաբյանն ասաց` ինչն է պղտորել նախընտրական քարոզարշավի մթնոլորտը

«Երևանցիներ» դաշինքի թեկնածու Արարատ Զուրաբյանն այս ընտրություններն աննախադեպ է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրություններում «Երևանցիներ» դաշինքի թեկնածու Արարատ Զուրաբյանը Հայաստանի ոստիկանությանը հորդորել է ավելի ուշադիր լինել։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում 9/24 ընտրատեղամասի դիմաց, ուր եկել էր քվեարկելու։

«Ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա, դա չդարձնի ինչ-որ մի բան», — ասաց Զուրաբյանը` պատասխանելով խախտումների և հարուցված քրեական գործերի մասին հարցին։

1 / 3
Արարատ Զուրաբյան
2 / 3
Արարատ Զուրաբյան
3 / 3
Արարատ Զուրաբյան

Նրա կարծիքով` թյուրիմացություն է եղել, քանի որ քաղաքական բոլոր ուժերն էլ հստակ գիտակցել են, որ ընտրակաշառք և այլ երևույթներ չեն լինելու, և բոլորն էլ առաջնորդվել են այդ սկզբունքով։

«Այսօր կարևոր օր է երևանցիների համար, իսկ նախորդ ընտրություններին գործող մեխանիզմներն այս ընտրություններին չեն գործում», — ասաց թեկնածուն։

Զուրաբյանը շնորհավորեց բոլորին այս օրվա կապակցությամբ` ընտրություններն անվանելով աննախադեպ, որովհետև հենց հիմա ընտրական տեղամասի մոտ չեն տեսնում նրանց, ում սովորաբար տեսնում էին նախորդ ընտրություններին, նրանց, ովքեր սովորաբար ինչ-որ բան էին նախաձեռնում, տանում, բերում և այլն:

Քաղաքական գործիչը եկել էր վիրակապված ձեռքով։ Նա ասաց, որ քվեարկել է «հանուն Երևանի փայլուն ապագայի»։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: