Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արարատի մարզ. ինչո՞ւ

Վարչապետը իր գոհունակությունը հայտնեց սեպտեմբերի 21–ի տոնական միջոցառումների ընթացքի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ գոհ է սեպտեմբերի 21–ի տոնական միջոցառումների ընթացքից։ Այս մասին նա հայտնեց Արարատի մարզ մեկնելու ճանապարհին, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով։

Օրվա կադր. Երևանում պաշտոնյաների ավտոմեքենաները ճամփա են տալիս հետիոտներին

«Երեկ իսկապես շատ լավ օր ստացվեց, սեպտեմբերի 21–ի անկախության տոնակատարությունները բացառիկ, ես կասեի` աննախադեպ  մթնոլորտում անցան, և այդ տոնակատարություններին տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցեցին։ Այսօր առավոտյան լսեցի Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի զեկույցը և ինձ շատ ուրախացրեց, որ երեկ որևէ միջադեպ չի արձանագրվել, սա իսկապես բացառիկ ցուցանիշ է և ցույց է տալիս, որ Հայաստանում սիրո և համերաշխության մթնոլորտ է տիրում»,–ասաց Փաշինյանն ու նման իրավիճակի համար շնորհակալություն հայտնեց հայրենակիցներին։

Իսկ Արարատի մարզ ՀՀ վարչապետը մեկնում է աշխատանքային այցով։ Նա տեղեկացրեց, որ Արարատի մարզի բնակիչների հետ կհանդիպի ժամը 17։00–ին, Արտաշատի կենտրոնական հրապարակում։

«Կզրուցենք ընթացիկ իրավիճակի մասին, կքննարկենք մարզի խնդիրները, արտաշատցիներին հուզող հարցերը»,–ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։