ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ամփոփեց Երևանի Ավագանու ընտրություններին նախորդած քարոզարշավի արդյունքները։ Կուսակցությունը, նրա համոզմամբ, նոր ուժ, նոր խթան ստացավ և առաջիկա ընտրություններին պատասխանատվության մեծ զգացումով է մոտենում։
Նախընտրական վերջին հանրահավաքի ժամանակ` սեպտեմբերի 21-ին, կուսակցության առաջնորդն ընդգծեց, որ գոհ է ընտրարշավի ընթացքից։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ներին կուսակցության նախընտրական քարոզարշավը բարեխղճորեն լուսաբանելու համար։ Կուսակցությունը հանդես է գալիս «Ժպտա» նախընտրական կարգախոսով։ Հովհաննիսյանն իր թիմով լավատեսորեն է տրամադրված, հուսով է` եթե անգամ չհաղթեն, ապա զգալի քվեներ կունենան Ավագանիում։
Պետք է նշել, որ Հովհաննիսյանն ու իր գլխավորած «Ժառանգությունը» դժվար, իսկ երբեմն էլ նաև բուռն քաղաքական ճանապարհ են անցել։ Կուսակցության նախագահը 2013 թվականի փետրվարին մասնակցել է նախագահական ընտրություններին` ընդդիմադիր քաղաքական գործչի համար ձայների անհավանական բարձր` մոտ 36% տոկոս հավաքելով։ Այդ փաստն իսկապես հաղթարշավ էր Հովհաննիսյանի համար։
Քաղաքական այդ կապիտալը, սակայն, մոտ ապագայում սպառվեց ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոնների պատճառով։ Եվ որպես հետևանք` մայիսին կայացած Ավագանու ընտրություններից ընդամենը երեք ամիս անց «Ժառանգությունը» Ավագանիում հայտնվեց «Բարև, Երևան» փոքր խմբակցությամբ։
Հետագա տարիներին կուսակցությունը այս կամ այն կերպ մասնակցեց հասարակական-քաղաքական բոլոր շարժումներին, բայց այդպես էլ չկարողացավ կրկնել 2013 թվականի հաղթարշավը և լիովին վերականգնել կորցրած դիրքերը։
Այժմ, Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների կարծիքով, իրավիճակը արմատապես փոխվել է։ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը», «Ժառանգության» կարծիքով, առողջ քաղաքական մրցակցության հնարավորություն է տվել, ինչն ընդլայնում է կուսակցության շանսերը։
«Մենք այժմ ուժեղ և օրհնված ենք, Երևանն ավելի լավը անելու նոր հույսերով և երազանքներով լի։ Մենք չենք մարել, մեզ չեն կոտրել դժվարություններն ու անհաջողությունները։ Բոլոր այս տարիների ընթացքում մենք մեր ժողովրդի և հասարակության կողքին էինք», —այսօր ասաց Հովհաննիսյանը։
«Ժառանգության» առաջնորդը ընտրություններին հաղթելու պարագայում խոստանում է լայն կոալիցիա ստեղծել մյուս ուժերի հետ, ինչը թույլ կտա օգտագործել նրանց ներուժը մայրաքաղաքի արդիական խնդիրները լուծելու համար։
«Մենք պետք է քաղաքը վերադարձնենք բնակիչներին», — ասաց նա։
Հովհաննիսյանը խոստանում է, որ քաղաքապետարանը միշտ բաց կլինի քաղաքացիների դիմումների և բողոքների համար։ «Ժառանգության» ղեկավարությունն այս ընտրությունները ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ որոշակի առումով «գլխավոր փորձ» է համարում։
Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններին կմասնակցեն 8 կուսակցություն և 4 դաշինք։ Արտահերթ ընտրությունը կկայանա սեպտեմբերի 23-ին։ Ընտրություն անցկացնելու անհրաժեշտությունն առաջացավ հուլիսի 9-ին` Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։