Անկախության հեղափոխությունը, կամ հեղափոխված անկախությունը 27 տարեկան է

Հայաստանի անկախության հանրաքվեն անցկացվեց 27 տարի առաջ, ճիշտ այս օրը: Հենց այդ ժամանակ Հայաստանը վերջնականապես որոշեց ` իր ընտրած ուղին անկախությունն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվող հանրաքվեի քվեաթերթիկներում մեկ հարց կար. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Իսկ պատասխանը միանշանակ էր, սպասված ու առանց կասկածների. հայերը Հայաստանում մի մարդու պես «այո» ասացին անկախությանը:

Բաժանարար գծեր չպիտի լինեն մեր և մեր միջև. ՀՀ խորհրդարանը 100 տարեկան է

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 մարդ, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը:

Հայաստանն անկախ հռչակվեց Գերագույն խորհրդում հանրաքվեից երկու օր անց: Մեկ դարի ընթացքում սա Հայաստանի երկրորդ անկախությունն էր: Առաջինը 1918 թվականի մայիսին էր:

Ժամանակակից պատմաբաններից շատերի համար 90-ականներն ուղղակի այդ անկախությունը նվիրեցին հայությանը: Խնդիրը մեկն էր` այնպես անել, որ Հայաստանի երկրորդ Հանրապետության անկախությունը չունենա առաջինի ճակատագիրը: Հայաստանի առաջին հանրապետությունն ապրեց միայն 2 տարի: Մերն` արդեն 27:

Կյանքի 26-րդ տարում մեր հանրապետությունը փոխեց կառավարման ձևը՝ 25 տարվա նախագահականից դառնալով խորհրդարանական:

Պատմական դարձավ ոչ միայն 26-րդ տարին: Երիտասարդ հանրապետության 27-րդ տարին հայ ժողովուրդը կհիշի «Թավշա հեղափոխությամբ»: Անարյուն սիրո և համերաշխության հեղափոխությունից սպասելիքները մեծ են, ռիսկերը՝ բարձր:

Ժամանակն առաջ է գնում. 27-ամյա երկիրը 27-ամյա՝ ձգտումներով լի երիտասարդի պես փորձում է դժվարությունների միջով առաջ քայլել…

Տոնդ շնորհավոր, Հայաստան…