Թուրքիայի սահմանին. Սիրիայի Ռաս–ալ–Այնում հայերն առաջին անգամ են հավաքվել

Հայերը ոչ միայն իրենց համար են աջակցություն խնդրում, այլև քրիստոնյա ասորիների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Սիրիայի Ռաս–ալ–Այն հայ համայնքը առաջին անգամ է հավաքվել։ Ինչպես հայտնում է քրդական Hawar պարբերականը, հանդիպումն անցել է Զերկան քաղաքային շրջանում։

Հավաքվածները հիշել են հայ ժողովրդի պատմությունը, հայերի զանգվածային կոտորածը Օսմանյան կայսրությունում և իրենց մշակույթը ոչնչացնելու փորձերը, գրում է պարբերականը։

«Մի քանի տասնյակ հայ հավաքվել են համատեղ գործողությունները քննարկելու համար։ Նրանք կարևոր քայլ են արել համայնք ձևավորելու համար», – գրում է պարբերականը։

Քաղաքային իշխանություններին հայերը կխնդրեն հայերենի ուսուցմամբ դպրոց բացել։ Բացի այդ նրանք խնդրում են աջակցել ոչ միայն իրենց, այլև նույնակրոն ասորիներին։ Քաղաքի իշխանությունները պետք է մշակութային միջոցառումներ անցկացնեն ի աջակցություն ասորերենի, հայտարարել են հայերը։

Նշենք, որ Ռաս–ալ–Այնը քրդական ուժերի կողմից վերահսկվող սիրիական տարածքում է (Ռոջավա)։ Քաղաքը գտնվում է Թուրքիայի սահմանին։