Ինչո՞ւ Փաշինյանի նախաձեռնությունն իրարանցում առաջացրեց տաքսիստների շրջանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում էր լավ գործ անել։ Արդյունքում նրա նախաձեռնությունն իրարանցում առաջացրեց տաքսի ծառայության ոլորտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Մասնավոր տաքսիների վարորդներին բոլոր տեսակի հարկերից ազատելը կարող է բացասաբար անդրադառնալ ամբողջ ոլորտի վրա։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը։

Սեպտեմբերի 18-ին, Փաշինյանը Facebook–յան ուղիղ եթերի միջոցով հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը և շուտով որոշում կկայացնի ազատել մասնավոր տաքսիների վարորդներին բոլոր տեսակի հարկերից։ Վարչապետը սա կարևոր որոշում է համարում, ինչը դրական կազդի քաղաքային տրանսպորտի խնդրի լուծման վրա։ Փաշինյանը վստահ է, որ հարկերից ազատվելով տաքսիստները կկարողանան իջեցնել սակագները և ուղևորներին մատչելի գներով տեղափոխել։

Անհատ տաքսիստները կազատվեն հարկային պարտավորություններից. Նիկոլ Փաշինյան

Այս կարծիքի հետ համաձայն են ոլորտի ոչ բոլոր ներկայացուցիչները` այն նույնիսկ որոշակի չափով վտանգավոր համարելով տաքսի ծառայության համար։ Սահակյանն իր մտահոգություններն ու առաջարկներն արդեն գրավոր ներկայացրել է վարչապետին։

«Ողջունում ենք վարչապետի որոշումը և չենք կարող հերքել դրա սոցիալական բաղկացուցիչ լինելը։ Սակայն այդքան էլ հասկանալի չէ, թե ովքեր են այս «մասնավորները», կամ ինչ հատկանիշներով են վարորդները բաժանվում «մասնավորների» և մնացածների», – ասաց Սահակյանը։

Այսօր մասնավոր ուղևորափոխադրողների կատեգորիայի տակ են ընկնում նաև նրանք, ովքեր համագործակցում են առցանց տաքսի ծառայությունների հետ` Yandex, GG և այլն։ Սակայն, ըստ Սահակյանի, նման տարանջատումն արմատապես սխալ է։ Նրա կարծիքով` «մասնավոր» պետք է համարվեն միայն այն վարորդները, ովքեր աշխատում են սեփական ավտոմեքենաներով և չունեն գործատու։

Պետք է հասկանալ, որ որևէ ընկերության հետ համագործակցելով, վարորդն ավտոմատ կերպով «մասնավոր» տաքսու վարորդ լինելու կատեգորիայից այլ դաշտ է անցնում։ Սակայն առցանց տաքսի ծառայություններում գրանցված վարորդներից շատերը երկու ճակատով են աշխատում. երբ պետք է նրանք վարձու աշխատողներ են, երբ ոչ` անջատում են համակարգն ու աշխատում իրենք իրենց համար։

Այս իրավիճակը որոշակի ռիսկեր է ստեղծում։ Սահակյանի կարծիքով` այդ ընկերությունները գործում են կոպիտ խախտումներով` օգնելով տաքսիստներին «ստվերային» աշխատել։ Մասնավոր տաքսու վարորդը ընկերությանը յուրաքանչյուր պատվերից տոկոս է վճարում։ Իսկ առցանց տաքսու ծառայությունից պետությունը ընդհանուր եկամուտից 20%  ԱԱՀ է գանձում։ Միևնույն ժամանակ, դժվար է որոշել, թե ինչքան է ընկերության իրական շահույթը։

«Ստացվում է, որ առցանց տաքսի ծառայությունները նպաստում են տաքսու վարորդների ստվերային աշխատանքին։ Ընդ որում, նրանք, ի տարբերություն սովորական տաքսի ծառայությունների, յուրաքանչյուր գրանցված վարորդի համար եկամտային հարկ չեն վճարում (այսինքն` նվազագույնը 23% — խմբ.)», – պարզաբանում է Սահակյանը։

Դրանից տուժում են այն տաքսի ծառայությունները, որոնք պարտավոր են վճարել ինչպես շահութահարկը, այնպես էլ յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար։

«Այս միտումը շուտով կհանգեցնի ոլորտի մոնոպոլիզացմանը», – ասում է Սահակյանը։

Այսօր հայկական շուկայում առցանց ծառայությունների երեք խոշոր ցանց է գործում. GG, Yandex և Uber։

Հայաստանում կա ամեն ինչ. նույնիսկ տեղի հանդուգն տաքսիստները հետ չեն պահի կրկին այցելելուց

Սահակյանի տվյալների համաձայն` GG–ում մինչև 7 հազար ավտոմեքենա է գրանցված, Yandex–ում` մինչև 12 հազար, Uber–ում` մինչև 10 հազար։ Երևանում յուրաքանչյուր օր իրականացվող ուղևորափոխադրումների ավելի քան կեսը տաքսի ծառայություններն են իրականացնում։

Ինչ վերաբերում է մասնավորներին, որոնք գրեթե «վերացող տեսակ» են տաքսիստների շրջանում, ապա ամսական 12 հազար դրամի չափով` Երևանի և 5 հազար դրամի չափով մարզի տաքսու վարորդների համար նախատեսված հարկը նրանց համար առանց այդ էլ ժամանակավորապես վերացրել էին։ Այդ դեպքում` ինչ հարկի մասին էր խոսում վարչապետը այդքան էլ հասկանալի չէ։

Սահակյանը մտավախություն ունի, որ եթե հստակ սահմանազատում չլինի, ապա անբարեխիղճ վարորդներից շատերը կօգտվեն վարչապետի գաղափարից ի վնաս պետբյուջեի և ոլորտի։

Օրինակ` նույն հարևան Վրաստանում տաքսու խնդիրը հեշտ լուծեցին։ Հոկտեմբերի 1-ից Թբիլիսիում կարգելվի վարորդ աշխատել առանց հատուկ թույլտվության։ Ընդ որում, թույլտվություն կստանան այն ֆիզիկական անձինք, որոնք ունեն վարորդական իրավունք և ցանկանում են լրացուցիչ գումար աշխատել։ Հստակ ձևակերպված են պահանջները նաև ավտոմեքենայի համար։

Գրանցվելուց հետո տաքսու սեփականատիրոջը իր լուսանկարով վկայական են հանձնում, որտեղ նշված է նրա անուն ազգանունը, արտոնագրի համարը, տրամադրման ամսաթիվը և փաստաթղթի գործողության ժամկետը, ավտոմեքենայի պետհամարանիշը, մակնիշն ու տեսակը, ինչպես նաև QR կոդը։

Արտոնագիր ունեցողները պարտավոր են փաստաթուղթը տպել А5 ֆորմատի թղթի վրա և տեղադրել մեքենայում երևացող տեղ, ինչպես նաև ապահովել ուղևորափոխադրումը միայն այն թեթև մարդատար ավտոմեքենայով, որը նշված է փաստաթղթում։ Պարտադիր պահանջ է նաև աշխատանքի ժամանակ ավտոմեքենայի վրա տեղադրել տաքսու դեղին տարբերանշանը։