«Օրինաց երկիրը» կողմ է Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելուն

Կուսակցությունը պատրաստ է համագործակցել քաղաքական տարբեր ուժերի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես է գալիս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս մասին ասաց Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ընտրացուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Հովհաննես Հովհաննիսյանը` մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

ՀՀԿ-Փաշինյան գործակցության մշուշոտ հեռանկարները. ինչպե՞ս հասնել ԱԺ արտահերթ ընտրության

Նա կոշտ քննադատության ենթարկեց «Լույս» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությունը և կոչ արեց Երևանի ավագանու ընտրություններում չքվեարկել այն ուժերի օգտին, որոնք կասկածի տակ են դնում նոր խորհրդարան գումարելու անհրաժեշտությունը։

««Օրինաց երկիր» կուսակցությունը հեղափոխության առաջին օրերից աջակցել է դրան, մասնակցել։ Մենք ասում ենք, որ վերջնական հաղթանակը հնարավոր է միայն արտահերթ ընտրություններ անցկացնելուց հետո», — ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ իրենք դիտարկում են տարբեր կուսակցությունների հետ համագործակցելու հնարավորությունը, եթե նրանց գաղափարներն ու ապագայի վերաբերյալ հայացքները համընկնեն։

Քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանն էլ հիշեցրեց, որ իրենք առաջին ուժն են, որը հեղափոխության օրերին պաշտոնապես ելույթ է ունեցել հայտարարությամբ։

Ի՞նչ կարգով են կազմակերպվելու ԱԺ արտահերթ ընտրությունները. նորի՞ց հեղափոխություն

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնել ուժային կառույցներին կոռուպցիայի դեմ պայքարում և մարտի 1-ի դեպքերը բացահայտելու հարցում», — ասաց Շահգելդյանը։

Նա նշեց, որ իսկական ժողովրդավարության կայացումը կարևորագույն հարց է երկրի համար ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության տեսանկյունից։

Ավելի վաղ «Հանրապետություն» կուսակցության («Լույս» դաշինք) առաջնորդ Արամ Սարգսյանը և խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը ԲՀԿ-ի ընտրացուցակում առաջինն է, կասկած են հայտնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ։